Ռոման Բերեզովսկի. Այս պարտությունը չի նշանակում, թե մենք կորցրինք լավ տեղում հայտնվելու հնարավորությունը
Հայաստանի հավաքականի ավագ Ռոման Բերեզովսկին, ով Պորտուգալիայի հետ նոյեմբերի 14-ին կայացած խաղում 91-րդ անգամ պաշտպանեց Հայաստանի ընտրանու դարպասը, armsport.am-ի հետ զրույցում կարծիք է հայտնել «Եվրո-2016»-ի ընտրական փուլի վերջին խաղի մասին, որում ազգային թիմը 0:1 հաշվով զիջեց պորտուգալացիներին:
«Սա կարելի է դասել ցավալի պարտությունների շարքին, քանի որ մինչեւ 70-րդ րոպեն մեզ հաջողվում էր լավ պաշտպանվել: Թեկուզ մրցակիցն ուներ տարածքային առավելություն, բայց մենք կարողանում էինք ետ մղել գրոհները: Ցավոք, մանկական սխալ թույլ տվեցինք, որը վճռեց խաղի ելքը. ափսոս էր…
Խաղից հետո բոլորիս տրամադրությունն էլ շատ ցածր էր, մենք դրական արդյունքի համար էինք եկել Պորտուգալիա, բայց ընտրական փուլը դեռ ավարտված չէ, եւ այս պարտությունը չի նշանակում, թե մենք կորցրինք լավ տեղում հայտնվելու հնարավորությունը: Առջեւում 5 խաղ կա, որոնցում պետք է ավելի լավ հանդես գանք»,-ասել է Բերեզովսկին: