Comment.Դարբինյանները պետք է լինեն ամենուր, որովհետև միայն դարբինայններն են հլու-հնազանդ կատարում Դարբնյանի բոլոր պահանջները
Comment
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը շարունակում է Վանաձոր քաղաքի «դարբինյանացման» գործընթացը: Վանաձորի թիվ 24 նախադպրոցական ուսումնական հաստատությունը չէր ղեկավարում իր ազգականներից մեկը, և քաղաքապետը ուղղեց նաև այդ սխալը՝ իր քենու դստերը նշանակելով այնտեղ տնօրեն: Դե մնացած ազգականների մասին էլ չհիշեցնեմ՝ աղջիկ, քույր, քրոջ աղջիկ, աներորդու կին՝ բոլորն էլ մանկապարտեզների տնօրեններ են: Նույն վիճակում են քաղաքապետարանին ենթական մյուս հաստատությունները և հենց քաղաքապետարանի աշխակազմը՝ ամենուր դարբինյաններ են:
Եվ ահա վանաձորի երիտասարդները անհանգստանում են, նրանցից մի քանիսը նույնիսկ բողոքում են, ասում են՝ իսկ հնարավոր չի՞ այնպես անել, որ բացի Դարբինյաններից քաղաքում գոնե մի քանի հոգի մարդ մնա: Եվ պարզվում է, որ հնարավոր չի, քանի որ տոհմապետ-քաղաքապետը ունի «դարբինյանացման» գործընթացի լուրջ հիմնավորում՝ «Նա, ով շատ է իմ պահանաջները կատարում, նա էլ իմ կողմից ընտրվում է: Եթե լրիվ անծանոթ մարդու դնում ենք, մենակ քայքայում է, դա ե՞ք ճիշտը համարում»:
Ահա այսպես, դարբինյանները պետք է լինեն ամենուր, որովհետև միայն դարբինայններն են հլու-հնազանդ կատարում Դարբինյանի բոլոր պահանջները: Ուստի «դարբինյանացումը» կշարունակվի: Ուղղակի մնում է ենթադրել, թե քենու դտսերը ով կհաջորդի: Ես ունեմ 2 վարկած՝ քենու տալի քավորկինը կամ քենու տղայի զոքանչը:
Արտյոմ Եդիգարյան