110 տոկոս զեղչ չի կարող լինել. ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է «Վեգա»-ի անբարեխիղճ մրցակցության դրսևորումը
Tert.am-ի դիմումի հիման վրա, ըստ որի «Վեգա» ընկերությունը sms-ների միջոցով տեղեկացնում է 110 տոկոսանոց զեղչի մասին, հանձնաժողովն ուսումնասիրություն է սկսել, որի ընթացքում կփորձեն պարզել, թե արդյոք ընկերության վարքագծում կա մրցակցային օրենսդրության խախտում, թե ոչ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Գայանե Սահակյանը:
Նա հայտնեց, որ նախորդ տարի ՏՄՊՊՀ-ն «Վեգա» ընկերությանը 7 միլիոն դրամով տուգանել է ամանորյա տոներից առաջ 110 տոկոս զեղչ հայտարարելու համար` որակելով այն անբարեխիղճ մրցակցություն: «Ընկերությունը հանձնաժողովի որոշումը վիճարկել էր դատական կարգով, սակայն դատական բոլոր երեք ատյաններում անցնելուց հետո գործը ի օգուտ հանձնաժողովի է մնացել, և ընկերության բողոքը մերժվել է»,-ասաց Գայանե Սահակյանը: Նա հայտնեց, որ 7 միլիոն դրամ տուգանքը «Վեգա» ընկերությունն արդեն իսկ այս տարի վճարել է:
«110 տոկոս զեղչ բնականաբար չի կարող լինել, և անբարեխիղճ մրցակցության դրսևորում է տեղի ունեցել կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող ընկերության կողմից: Այս պարագայում ևս հանձնաժողովն ուսումնասիրություն կիրականացնի»,-ասաց նա:
