Ժողովրդի գերակշռող մասը ոչ Ամանորի սիրտ ունի, ոչ էլ տարեմուտն ինչ-որ կերպ նշելու տրամադրություն. Հրապարակ
Տարեմուտի այս օրերին սովորաբար սկսվում են տարին ամփոփելուն ուղղված ծես-արարողությունները: Ոմանք, հատկապես պետական ապարատի վերնախավը, դա պատկերացնում են ամփոփիչ ասուլիսների տեսքով, երբ տվյալ նախարարի ղեկավարած ոլորտում հետընթացն ակնհայտ է, բայց եզրափակիչ ասուլիսում նա մի չտեսնված-չլսված գունագեղ պատկեր է նկարագրում: Մյուսների համար դրանք տարեվերջյան ուտուշ-խմուշներն են, երբ հիմնարկների ղեկավարները սեղանների շուրջ են հավաքում իրենց կոլեկտիվներն ու բաժակաճառեր ասում՝ մոռանալով, որ ողջ տարին անխնա շահագործել են այդ մարդկանց, երբեմն աշխատավարձ չվճարելով կամ գրոշներ վճարելով: Երրորդների համար դա բարեգործություն եւ բարեսրտություն ցուցադրելու ժամանակն է, ինչպես արել է երեկ Գալուստ Սահակյանը՝ այցելելով Գավառի մանկատուն, եւ ինչպես վարվել է առաջին տիկին Ռիտա Սարգսյանը՝ այցելելով Մուրացանի հիվանդանոցում բուժվող երեխաներին: Բայց եթե մեր հասարակության «էլիտար» հատվածը՝ հազիվ մի 50-100 հազար մարդ, Ամանորի այս աժիոտաժի մեջ է, ժողովրդի գերակշռող մասը ոչ Ամանորի սիրտ ունի, ոչ էլ տարեմուտն ինչ-որ կերպ նշելու տրամադրություն: Նրանք այս օրերին մտածում են՝ ինչպե՞ս անել, որ իրենց տանն էլ տոն լինի, ինչպե՞ս տեղավորվել այն սուղ բյուջեի շրջանակներում, որը տնօրինում են եւ որով ուզում են նշել Նոր տարին: Եթե ամբողջ տարին կարելի է գոյատեւել եւ չօգտվել կյանքի բազում-բազում բարիքներից, ապա այս օրերին դրանց պակասն առնվազն թերարժեքության, վատ ծնող լինելու, կյանքի հատակում հայտնվելու բարդույթ կարող է առաջացնել մարդկանց մոտ: Ընդ որում, պետք է արձանագրենք, որ այս վիճակում հայտնված մարդիկ տարեցտարի շատանում են, եւ տարրական բարեկեցությունից զրկված ընտանիքների քանակն էլ աճում է:
