Բնակարանային պայմանների բարելավման նպատակով հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարները կվերադարձվեն
2014թ. դեկտեմբերի 29-ից ուժի մեջ է մտել «Եկամտային հարկի մասին» օրենքում Ազգային ժողովի կողմից նոյեմբերի 19-ին ընդունված լրացումը, որով նախատեսվում է վճարված եկամտային հարկի գումարներից բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի կողմից ստացված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձը:
Ընդ որում՝ դա տարածվում է 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Վարձու աշխատողին, անհատ ձեռնարկատիրոջը և նոտարին եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանում է կառավարությունը:
Օրենքում ամրագրված նոր հոդվածով, մասնավորապես, սահմանվում է, որ վճարված եկամտային հարկը վերադարձվում է ՀՀ տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի կողմից ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ստացված և փաստացի բնակարանի ձեռք բերմանը կամ անհատական բնակելի տան կառուցմանն ուղղված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով:
Գումարները վարձու աշխատողներին ենթակա են վերադարձման եռամսյակային, իսկ անհատ ձեռնարկատերերին և նոտարներին` տարեկան պարբերականությամբ, եթե վերջիններս ամբողջությամբ կատարել են հարկային մարմին ներկայացված` եկամտային հարկի հաշվարկով հայտարարագրված հարկային պարտավորությունը:
Վերադարձման ենթակա գումարը, սակայն, չի կարող լինել ավելի, քան համապատասխան եռամսյակի ընթացքում տվյալ վարձու աշխատողին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված եկամտային հարկի գումարը և համապատասխան տարվա ընթացքում անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից հաշվարկված եկամտային հարկի գումարը:
Լրացված հոդվածի կիրառության նպատակով կառավարության լիազորած մարմինը վարելու է կառուցված և կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի ռեեստրը և կառավարության սահմանած կարգով տեղեկություններ է տրամադրելու հարկային մարմնին:
