Ինչքան ուշ ստույգ ինֆորմացիա տան իրավասու մարմինները, այնքան մուտիտի դոզան շատանալու է. Կարեն Քոչարյան
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Մի քանի օր չգրեցի։ Ճիշտն ասած ո´չ տրամադրություն կար, ո´չ էլ` իմաստ։ Ուզում եմ անդրադառնալ երկու թեմայի, որոնց մասին ամենաշատն է խոսվում վերջին օրերին` ապատեղեկատվության (ավելի ճիշտ` մուտիտի) և չքաղաքականացնելու։ Այն պայմաններում, երբ մի ողջ ազգ 6-7 օր ոչ մի պաշտոնական աղբյուրից ոչ մի տեղեկատվություն չի ստանում, երբ այդ նույն ժամանակահատվածում ոչ մի պատասխանատու անձ որևէ հոդաբաշխ միտք չի արտահայտում, տեղեկատվական դաշտը դառնում է խոպան, որտեղ յուրաքանչյուրը սկսում է իր քյարը ստանալ. թշնամիներն իրենց մուտիտն են անում, չկայացածները փորձում են կայանալ, ռուսները՝ ամերիկացիներին մեղադրել, ամերիկացիները` ռուսներին, գլամուռ մասսան իրենց հերթական հիմար մտքերն արտահայտի և այդպես շարունակ։
Ինչ վերաբերվում է քաղաքականացնելուն։ Եթե 10 օր շարունակ իրավաբանները միայն խուճուճ ձևակերպումներ են տալիս, և ամենասովորական միտքը ծամոնի նման ձգում են, հետո փուչիկ սարքում և տրաքացնում, նման դեպքերում հարցն ինքն իրեն տեղափոխվում է քաղաքական դաշտ։ Ու իմացեք՝ ինչքան երկար դատախազը խոսի ոչ թե բուն թեմայից, այլ տղամարդկությունից, այնքան հարցն ավելի շատ է քաղաքականացվելու։ Ինչքան ուշ ստույգ ինֆորմացիա տան իրավասու մարմինները, այնքան մուտիտի դոզան շատանալու է»։
