ՀԱԿ պատգամավորի որոշումը՝ մասնակցել Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովին, ՀԱԿ-ում դրական չի ընդունվել. Հրապարակ
ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի որոշումը՝ մասնակցել Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովին, ՀԱԿ-ում դրական չի ընդունվել, քանի որ դրանով տպավորություն է ստեղծվելու, որ ՀԱԿ-ի գործընկերները չեն հարգում իր որոշումը՝ չմասնակցել խորհրդաժողովին: Որոշ տեղեկություններով, այս թեմայով տիկին Սարգսյանի հետ տհաճ խոսակցություն են ունեցել, թեեւ նա հերքեց այդ լուրերը եւ իր մասնակցությունը բնական համարեց: «Ի վերջո, զարմանալ կարելի է՝ խմբակցությունը կուսակցության հետ ի՞նչ կապ ունի, ես որպես խմբակցության անդամ չեմ ներկայանում այնտեղ, այլ որպես արտախորհրդարանական ուժի ղեկավար: Ես չեմ կարծում, որ իմ եւ ՀԱԿ-ի միջեւ կարող է խնդիր առաջանալ այս հարցում: Ես վարվել եմ որպես քաղաքական գործիչ, որպես կուսակցության ղեկավար եւ իրականացնում եմ մեր վարչության որոշումները»:
