Հրաչ Մուրադյան. «Հիմնականում հարաբերություն եմ ունեցել ազգությամբ ոչ հայ աղջիկների հետ» ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ BlogNews
BlogNews.am-ը գրում է .
Հաղորդավար, պրոդյուսեր Հրաչ Մուրադյանին հարցազրույցի համար հանդիպեցի իր աշխատասենյակում, որտեղ առաջին հերթին ուշադրությունս գրավեց սենյակի բնակիչը՝ սպիտակ մուկը: Նրա մասին խոսելով էլ սկսեցինք զրույցը BlogNews.am-ի համար, որի ընթացքում անդրադարձանք Հրաչի առօրյային, անձնական կյանքին, «Կիսաբաց լուսամուտներին» և այլ հարցերի:

-Հրաչ, ինչո՞ւ է այս մուկը հանգրվանել Ձեր աշխատասենյակում:
-Սա փորձարարական մուկ է, որը մասնակցել է «Վեցերորդ զգայարանին» ու հետո մնացել է իմ սենյակում։ Ես շատ եմ սիրում կենդանիների։ Ձուկիկ էլ ունեինք, որը սատկեց։ Ի դեպ, այս մուկը միակ կենդանին է, որը մասնակցել է «Վեցերորդ զգայարանին» ու կենդանի մնացել: Երևի էներգիայից կամ ինչ-որ մի բանից է, բոլորը սատկում են։
-Տանն է՞լ ունեք կենդանիներ։
-Դեղին դեղձանիկ ունեմ: Առավոտյան երգում է, ու կարծես բնության մեջ արթնանամ։ Դա շատ է դուր գալիս ինձ։
-Բնությանը մո՞տ մարդ եք։
-Տեսակով այո, բայց փաստացի ես ավելի շատ այս շենքին (նկատի ունի՝ «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի» շենքը, հեղ.) եմ մոտ, որովհետև գործի բերումով օրվա 80 տոկոսն այստեղ եմ։ Երբ ազատ եմ լինում, գնում եմ բնության գիրկ։

-Ազատ ժամանակը, ժամանցը լրացնելու ի՞նչ այլ տարբերակներ ունեք:
-Ես լռություն եմ սիրում. նույնիսկ կենցաղում, ընկերներիս հետ հնարավորինս քիչ եմ խոսում։ Դա միակ տեղն է, որտեղ ես չխոսկան եմ, քանի որ որևէ մեկն ինձ չի պարտադրում խոսել։ Տանը ևս, իմ դրության մեջ մտնելով, աշխատում են ինձ շատ հարցեր չտալ։
-Այսօր, երբ ֆոտոշարքի համար եղանք քաղաքի տարբեր հատվածներում, նկատեցի, որ ժամանցի վայրերին առանձնապես ծանոթ չեք։ Չե՞ք սիրում լինել նմանատիպ վայրերում, թե՞ չեք հասցնում։
-Չեմ հասցնում։ Այժմ երեք նախագիծ եմ անում՝ «Կիասաբաց լուսամուտները», «Վեցերորդ զգայարանը» և «Սոված խաղերը»: Իհարկե, ունենք թիմ, ունեմ համապրոդյուսեր՝ Արթուր Զաքարյանը, սակայն միևնույնն է, իմ ամբողջ ժամանակն անցնում է հեռուստատեսությունում։ Ցավոք, TV-ն ժամ ու պատարագ չունի։ Այն միշտ ներդրում է պահանջում, նույնիսկ՝ չափից ավելի։ Եթե ես տարվա ընթացքում 2 շաբաթ կարողանամ հանգստանալ, կասեմ՝ այս տարի հանգստացել եմ։

-Հեռուստատեսության փոխհատուցումն իր խլածին համարժե՞ք է։
- Նայած, թե ինչ պրիզմայով ես նայում այդ ամենին. կա ներդրում, որը որևէ բանով չի կարող փոխհատուցվել՝ դա անձնական կյանքն է։ Եթե դու հայտնի ես, մեխանիկորեն հասարակությանն ես հանձնում քո անվան հետ կապված յուրաքանչյուր բան՝ դա քեզ դուր գա, թե՝ ոչ։ Այդ դեպքում քո կյանքն այդպես էլ կոչվում է՝ հանրային։ Դու վիրավորվելու, նեղվելու իրավունք չունես, քանի որ հանրությունը տարբեր շերտերից է բաղկացած, և յուրաքանչուրը կարող է հայտնել իր կարծիքը։
Չեմ ուզում խոսել մարդկանց մաղձից, որն ավելի շատ արտահայտված է այլ հայտնիների, քան իմ հանդեպ, բայց այդ ագրեսիվությունը ես զգացել եմ կոլեգաներիս հանդեպ։ Հուրախություն ինձ՝ իմ հանդեպ նմանատիպ բան չեմ զգացել։
-Նախնական զրույցի ժամանակ նշեցիք, որ անտարբեր եք դարձել: Հե՞շտ եք շրջանցում դա:
-Ես անտարբեր չեմ, անտարբերությունն ամենավատ բանն է: Ուղղակի սովորել եմ չնկատել այն հանգամանքը, որն ինձ խանգարում է: Օրինակ՝ այսօր ֆոտոշարքի ժամանակ ինչ-որ մարդիկ ինչ-որ բաներ են ասել՝ լավ, թե վատ, Դուք լսել եք, ես՝ ոչ։

-Այսինքն՝ Ձեզ փակե՞լ եք արտաքին աշխարհի առաջ։
-Երբ ես Թատերականում էի սովորում, մի լավ բան էին սովորեցնում՝ 4-րդ պատ։ Ինքդ պետք է սովորես դա կառուցել. հանդիսատեսի հետ շփման ժամանակ այն պետք է տեսանելի լինի, սակայն քեզ չանդրադարձնի որևէ բացասական բան։ Ի վերջո, դու գործ ունես տարբեր էներգետիկ դաշտերով մարդկանց հետ, որոնք ուզած-չուզած անդրադառնում են անձիդ վրա։ Ես գործի բերումով օրվա ընթացքում 30 տարբեր մարդկանց հետ եմ շփվում՝ չհաշված աշխատակազմս, որը շատ մեծ է համարվում հեռուստատեսության համար։
-Ձեր հարցազրույցներից մեկում խոստովանել եք, որ ժամանակին ունեցել եք աստղային հիվանդություն։ Ինչպե՞ս հաղթահարեցիք այն։
-Ես երբեք չեմ ժխտել դա։ Այն գալիս ու գնում է։ Իմ դեպքում այն համընկավ պատանեկությանս հետ, երբ որպես մարդ՝ իմ տեսակը դեռ ձևավորված չէր։ Դա ավելի դժվար է, որովհետև երբ հասակակիցներիցդ տարբերվում ես, այդ տարիքում քեզ շատ դժվար են ընդունում որպես սպիտակ ագռավ։ Ես այդ ընթացքում փոխել եմ նաև մենթալիտետ, որովհետև ռուսական դպրոցից տեղափոխվել եմ Չարբախի՝ խիստ հայկական դպրոց: Տարբերությունը ծայրահեղ էր, բայց ինչ-որ կերպ կարողացա հաղթահարել դա. մարդու տեսակից է գալիս՝ կամ դու կանգնում ես խնդիրների առաջ և փորձում ես լուծել դրանք, կամ էլ մեջքով ես կանգնում, որ չտեսնես։ Ես երբեք մեջքով չեմ կանգնել որևէ խնդրի։
Իմ աստղային հիվանդությունը հանգամանքներով էր պայմանավորված։ Երբ քո գիտակցությունը գալիս է այն աստիճանի, որ հասկանում ես՝ լավ, քեզ ինչ-որ շրջան մարդ է ճանաչում, մարդկանց ինչ-որ շրջանակ սիրում է, մյուսը՝ ոչ, երրորդն էլ լոյալ է վերաբերում, հետո՞ ինչ։

-Երբ ինքդ դրա մեջ ես, շատ դժվար է դա նկատել, երբեմն մեզ համար բարդ է մեզ նայել կողքից, հասկանալ սխալներն ու շտկել։ Ինչպե՞ս հասաք այդ գիտակցությանը, ինչ-որ մեկն օգնե՞ց։
-Եթե ասեմ՝ ինչ-որ մեկն ինձ ասել է, որ ես ունեմ աստղային հիվանդություն, որն իմ կենցաղում այս կերպ է արտահայտվում, սուտ կլինի։ Ես ունեցել եմ հայտնիության առաջին և երկրորդ շրջաններ: Դրանց միջև եղել է որոշակի պասիվ շրջան, որն էլ ինձ ստիպել է գալ դրան։ Դա եղել է Հանրային հեռուստաընկերությունից դուրս գալուց հետո, երբ գնացի զինծառայության, վերադարձա ու մոտ 3 տարի ասպարեզում չէի։ Ես հասկացա, որ այսօր էկրաններին ես, վաղը կարող է չլինես, այսօր քեզ հիշում են, վաղը՝ ոչ, թեև այդ ընթացքում չեմ զգացել, որ էկրաններին չեմ։ Ես զարանում էի, որ ինձ հիշում են, որովհետև, ի վերջո, պատանուց երիտասարդ էի տեսել, նույնիսկ ֆիզիկական տվյալներս էին փոխվել։ 18 տարեկան տղան և 22 տարեկան տղամարդը շատ տարբեր են։
-Հրաչ, Դուք ավելի առաջադեմ եք, քան հայ տղամարդու կարծրատիպային կերպարը: Ձեզ համար հե՞շտ էր ադապտացվել շրջապատին՝ Ձեր տեսակով։
- Ես ունեցել եմ իմ դժվարությունները, բայց քանի որ ուրիշ տեսակով չեմ եղել, չեմ կարող ասել՝ ինձ համար էր ավելի հեշտ, թե այլ տեսակի: Ամեն դեպքում հիմա շատ-շատերն են առավել առաջադեմ։ Շատ դեպքերում մարդիկ մտածում են մի բան, սակայն, հաշվի առնելով հասարակական կարծիքը, այլ բան են բարձրաձայնում։ Պետք եղած տեղում ես քյարթու եմ և չարբախցի՝ ամենաուղիղ իմաստով: Յուրաքանչյուր մարդ ինձ ընկալում է այնպես, ինչպես ինքը կարող է և ցանկանում է։ Ես չեմ կարող մարդուն ստիպել մենթալիտետ և մտածելակերպ փոխել։
Ի վերջո, այն բազմահազարանոց նամակները, որ ստանում եմ տարբեր մարդկանցից, հատկապես տարիքով կանանցից, շնորհակալությունն է ծնողներիս, որ այս տեսակի տղա են մեծացրել։ Այս առումով շատ հպարտ եմ ծնողներիս համար։ Ես ոչ մի հատուկ բան չեմ անում։

-Ո՞ր դեպքում կարող է արտահայտվել Հրաչ Մուրադյանի՝ քյարթու լինելը:
- Խիստ տղայական մթնոլորտում ինչ-որ խոսակցությունների ժամանակ մի քանի դեպք է եղել, երբ ընկերներս ասել են, որ երևաց չարբախցի լինելս, սակայն առօրյայումս դա խիստ արտահայտված չէ:
-Հրաչ, քանիցս նշել եք, որ Ձեր զարմուհին՝ Միլան, շատ բան է փոխել Ձեր կյանքում, հատկապես ի՞նչն է փոխվել նրա ծննդից հետո:
-Վերաբերմունքս ամեն ինչին. երբ դու քեզ շրջապատող ցանկացած բան` շնչավոր ու անշունչ, կարևորում ես ու տեսնում այլ լույսի ներքո: Ես չգիտեմ` իմ երեխան ինչ կփոխի, սակայն Միլան փոխել է իմ մարդ տեսակը՝ ջերմության, հոգատարության առումով: Քանի որ ես շատ ակտիվ եմ, ընկերներս կարծում էին, որ երբ երեխան լացի, ես կգոռամ, կգնամ այլ սենյակ, սակայն երբ ընկերներս տեսան՝ ինչպես եմ կենցաղում ինձ պահում Միլայի հետ, ապշած էին: Ինքս էլ չգիտեի` ինչպես եմ արձագանքելու դրան:
-Հայր դառնալու մասին հաճա՞խ եք մտածում, թե՞ դա փուլային բնույթ է կրում:
- Վերջին շրջանում շատ եմ մտածում ընտանիք ունենալու մասին. ընտանիք իր բոլոր կողմերով` և՛ կին, և՛ ջերմություն, և՛ երեխա: Ես այդ ամբողջությունն եմ պատկերացնում, բայց պատկերացումներով չեմ ապրում, և դա ինձ համար երազանք չէ, դա նպատակ է, որն ինչ-որ մի օր, երբ դրա համար ստեղծված բոլոր նախապայմաններն ու հանգամանքները խաչվեն, կիրականանա: Դեռ այդ օրը չի եկել:

-Ի՞նչն է խանգարել:
-Չգիտեմ, աշխատանքը, իմ կենցաղը, զբաղվածությունը: Կարող ենք տարբեր խանգարող փաստեր բերել, բայց չկա բանաձև սիրահարվելու, ընտանիք կազմելու և երջանկության: Յուրաքանչյուր մարդ ստեղծում է իր բանաձևը: Ես շատ եմ ուզում ունենալ ընտանիք. կլինի հայկական ավանդակա՞ն, թե՞ գովազդում պատկերվող ամերիկյան «պրոտոտիպային» ընտանիք, չեմ կարող պատկերացնել: Միայն գիտեմ, որ կսիրեմ իմ կնոջը և շատ երջանիկ կլինեմ նրա հետ, որովհետև երբ ես գնամ այդ քայլին, միանշանակ կլինի այն մարդ, առանց ում չեմ պատկերացնի կյանքս. ես ծայրահեղ եմ:
-Դուք գտել եք ու կորցրե՞լ, թե՞ չեք գտել:
-Եթե ես գտած լինեի այն, ինչ պետք է լիներ, հաստատ թույլ չէի տա, որ կորչեր: Նշանակում է՝ դա այն չի եղել, ինչ որ ես ուզում եմ:
-Հիմա ավելի բարդ չէ՞ նոր հարաբերություններ սկսելը՝ հաշվի առնելով, որ տարիքի հետավելի շատ բան եք հասկանում, որ պահանջներն են ավելանում:
-Նկատի ունեք, որ ես շատ մե՞ծ եմ:) Ես ընդամենը երեսունմեկուկես տարեկան եմ:) Ինձ համար առհասարակ բարդ է հարաբերություն սկսելը: Ես հիմնականում հարաբերություն եմ ունեցել ազգությամբ ոչ հայ աղջիկների հետ:

-Ինչո՞ւ:
-Որովհետև նրանք ինձ ճանաչում և ընդունում են որպես մարդ, ոչ թե հեռուստատեսային կերպար: Հայաստանում դա դժվար է, որովհետև քեզ առաջին հերթին ճանաչում և ընկալում են իրենց պատկերացումներով ու փորձում տպավորություն թողնել, ավելին թվալ: Մարդկանց թվում է, որ դու նույն էկրանի մարդն ես: Իրականում ես նույն եմ, միևնույն ժամանակ ես էլ ունեմ իմ կենցաղը: Դա պայմանավորված է ոչ թե այն հանգամանքով, որ ես ազգությամբ հայի հետ չեմ կարողանում հարաբերություն սկսել, այլ որովհետև իմ հայտնիությունը պայմանավորված է մեր երկրի սամաններով:
-Հաճա՞խ եք սիրահարվում, թեկուզ դա չհասնի սիրո, հարաբերության:
Շարունակությունը ` սկզբնաղբյուր կայքում:
