Սեյրան Օհանյանը խրախուսել է միջազգային մրցաշարերում բարձր ցուցանիշներ արձանագրած մարզիկ-զինծառայողներին
Lurer.com-ը գրում է.
ՀՀ պաշտպանության նախարարության մարզիկ-զինծառայողները միջազգային խոշոր մրցաշարերում բազմիցս բարձր են պահել ՀՀ դրոշը, հնչեցրել պետական օրհներգը: Տարբեր երկրների մրցահարթակներում հայ մարզիկ-զինծառայողները շարունակում են մեդալներ նվաճել և բարձր հորիզոնականներ զբաղեցնել: 2015թ. մարտ-ապրիլին պարտադիր ժամկետային զինծառայող հայ մարզիկները մասնակցել են Վրաստանում կայացած ծանրամարտի, Լեհաստանում՝ ազատ ոճի ըմբշամարտի, Քաթարում՝ սպորտային մարմնամարզության, ինչպես նաև Սերբիայում կայացած սամբոյի երիտասարդների առաջնություններին՝ նվաճելով բազմաթիվ ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ:
Միջազգային խոշոր մարզական միջոցառումներին բարձր ցուցանիշներ արձանագրելու, ՀՀ և ՀՀ ԶՈւ պատիվը բարձր պահելու համար ապրիլի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայ մարզիկ-զինծառայողներին խրախուսել է արժեքավոր նվերներով և ՊՆ «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալներով: Շնորհավորելով զինծառայողներին բարձր ցուցանիշներ արձանագրելու կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հայկական զինուժը ոչ միայն առօրյա ծառայության ընթացքում, առաջնագծում հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում է կարողանում ապացուցել հայոց բանակի բարձր մարտունակությունը, այլ նաև ֆիզիկական պատրաստության և սպորտի բնագավառներում գրանցած հաջողություններով:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ ՀՀ ԶՈւ ղեկավարությունը այսուհետ ևս լուրջ ուշադրություն է դարձնելու ֆիզպատրաստության և սպորտի բնագավառին, համագործակցելու է սպորտային բոլոր կառույցների հետ՝ նպաստելով հայ մարզիկ-զինծառայողների հաջողությունների բազմապատկմանը:
