Մեր նպատակն է հասնել նրան, որ սերտ հարաբերություն հաստատվի, և Հայաստանը մերձենա ԵՄ-ին. Լեհաստանի դեսպան
Մայիսի երեքը՝ Լեհաստանի Սահմանադրության ընդունման օրը, այդ երկրի ազգային տոնն է: Այսօր մամուլի ասուլիսին ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին անդրադարձավ Լեհաստանի պատմությանը և նշեց, որ 1791 թվականին Լեհաստանի խորհրդարանն ընդունեց Սահմանադրության, որը օրինակ է հանդիսանում ժողովրդավարական ավանդույթների հաստատման և վկայությունն է այն բանի, որ ժողովուրդները մեկ պետության ներսում կարող են բարիդրացիական հարաբերություններ ունենալ:
Անդրադառնալով Արևելյան գործընկերության ծրագրին՝ նա նկատեց, որ այդ ծրագրի քննադատները նշում են, թե դա փորձ է՝ Ռուսաստանից պոկել Ռուսաստանի հետ համագործակցող երկրներին: Դեսպանի վստահեցմամբ՝ այդ մարդիկ չարաչար սխալվում են:
«Այդ ծրագիրը միտված էր ընդլայնելու համագործակցության այն դաշտը, որը մենք համարում էինք հաջողված»,-ասաց նա և նշեց, որ այդ դաշտը համարում է հաջողության տարածք:
Դեսպանն ասաց, որ իրենց նպատակը որևէ պետության քաղաքական այդ համակարգում ներգրավելը չէ, այլ՝ իրենց փորձը փոխանցելն է մյուս պետություններին և կիսվել իրենց հաջողությամբ:
«Այդ ծրագիրը միտված չէ ընդլայնվելու թե՛ քաղաքական, թե՛ տարածքային առումով, այլ միտված է նրան, որ կարողանանք կիսվել այն փորձով, որը մենք ունենք, որը ստուգված էր և կիրառվում է և վառ օրինակ է ներկայիս համար»,-ասաց նա:
Նա նշեց, որ այդ ծրագրի մասին չպետք է խոսել անցյալով, քանի որ առաջիկայում Ռիգայի գագաթաժողովում նորից քննարկվելու են համագործության հնարավոր եզրերը:
«Թե՛ Եվրոպայի, թե՛ Լեհաստանի համար, որը համարվում է այդ ծրագրի ակտիվ ջատագովը, մեր նպատակն է հասնել նրան, որ առավելագույն սերտ հարաբերություն հաստատվի և Հայաստանը մոտեցվի Եվրամիությանը»,-ասաց նա և հիշեցրեց, որ ԵՄ-ի հետ Հայաստանի ասոցացման բանակցություններն արդեն ավարտվել էին, սակայն վերջին պահին Հայաստանը որոշում կայացրեց անդամակցել ԵՏՄ-ի հետ:
Նա նկատեց, որ տնտեսական մասով, թեև անհամատեղելիություն կա, սակայն քաղաքական համագործակցությունը և ասոցացման մասը բաց է մնում, և հարցն այն է, թե այդ փաստաթուղթը կկոչվի համագործակցության ճանապարհային քարտե՞զ, թե՞ ասոցացում:
«Հայաստանը, թե՛ ԵՄ-ի, թե՛ Լեհաստանի համար համարվում է բնական գործընկեր՝ հաշվի առնելով պատմական հանգամանքները և քաղաքակրթական, մշակութային կապը»,-ասաց դեսպանը և հույս հայտնեց, որ Հայաստանը ամենաբարձ մակարդակով ներգրավված կլինի Ռիգայում և կհաջողվի հասնել արդյունքի:
