Վարդան Պետրոսյանը թող պետությունից չբողոքի, պետությունը լավ էլ սատարում է նրան. տուժող կողմի ներկայացուցիչ
Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի գործով տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահի դրությամբ տուժող կողմից որևէ պահանջ չունի՝ Վերաքննիչ դատարանի որոշումը Վճռաբեկ դատարանում բողոքելու հետ կապված:
Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ քրեական դատարանը երեկ անփոփոխ թողեց Առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Վարդան Պետրոսյանը դատապարտվել էր 5 տարի ժամկետով ազատազրկման, ինչպես նաև 2 տարով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:
Նշենք նաև, որ Վերաքննիչ դատարանի որոշումը հրապարակվելու պահին նիստերի դահլիճում չէին վերաքննիչ բողոք ներկայացնող դատախազ Արթուր Սարգսյանը և տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը:
Հարցին, թե ինչո՞վ պայմանավորված նրանց բացակայությունը, Բալոյանը պատասխանեց.«Վերաքննիչ դատարանը դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու իմ միջնորդությունը մերժեց, հասկանալի էր, որ վերաքննիչ բողոքն էլ էր մերժելու: Ապօրինի մերժեց: Վարդան Պետրոսյանը թող պետությունից չբողոքի, պետությունը լավ էլ սատարում է նրան»:
Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարան դիմելուն, ապա Ռուբեն Բալոյանն ասաց. «Մենք հիմա մեկ ամիս ժամանակ ունենք, վերջին օրը կորոշենք»:
