Խոսում ենք միայն փաստերով...
Մի քանի օր է, ՀՀ-ի մի քանի գյուղերում եւ երեք քաղաքներում` Աբովյանում, Արտաշատում եւ Ալավերդիում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը: Իսկ ընտրողներից շատերի մոտ էլ այնպիսի տպավորություն է, որ եթե ընտրություն է, ապա ընտրակեղծիքն անպակաս է: Թե ինչո՞վ է պայմանավորված հանրության շրջանում ձեւավորված այդ անվստահությունը` ընտրական համակարգի նկատմամբ, եւ ի՞նչ քայլեր պետք է արվեն այդ ուղղությամբ, Fnews.am-ը փորձեց հետաքրքրվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ՏԻԳՐԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻՑ:
-Պարոն Մուկուչյան, ցանկացած ընտրության արդյունք հանրությունը կասկածի տակ է դնում: Ձեր կարծիքով ի՞նչ քայլեր պետք է կատարվի`պատկերը փոխելու համար:
-Հանրության կողմից ընտրական համակարգի նկատմամբ անվստահության գործոնները կարող են տարբեր լինել: Համենայնդեպս` ցանկացած դատողություն անելու համար անհրաժեշտ է նայել, թե ինչ փաստական հիմքեր կան: Վերջին հանրաքվեի ընթացքում մենք ունեցել ենք դիտորդներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, ովքեր եղել են գրեթե բոլոր համայնքներում, եւ նույնիսկ քվեարկության օրվա ընթացքում որեւէ հրապարակում որեւէ լրատվամիջոցում չի եղել: Քվեարկության օրվա ընթացքում որեւէ դիմում-բողոք չի եղել: Քվեարկությունից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովները, որոնք ձեւավորվում են կուսակցությունների ներկայացուցիչներից, որեւէ հատուկ կարծիք չեն ներկայացրել: Այսինքն` որեւէ բողոք` գրավոր, թե բանավոր, չի ստացվել: Ըստ իս, անվստահություն հայտնելու վերաբերյալ ցանկացած կարծիք պետք է փաստվի, իսկ եթե չկան այդ փաստերը, ապա ինչի՞ մասին է խոսքը:
Նոնա Ադամյան