Արծրուն Հովհաննիսյանը`Պն-ում հնարավոր կադրային շարժերի եւ Մովսես Հակոբյանի նշանակման մասին
Վերջին ժամանակներս տարբեր լրատվամիջոցներով քննարկվող թիվ մեկ թեման շարունակում էր մնալ այն, որ Պաշտպանության նախարարությունում որոշակի կադրային տեղաշարժեր են սպասվում, եւ որ աս ֆոնի վրա համակարգում որոշակի լարվածություն ու զգոնություն կա: Իսկ ահա ընդամենը երեկ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:(Հիշեցնենք, որ Մովսես Հակոբյանը 2007-ից Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարն էր, և այդ պաշտոնում փոխարինել էր Հայաստանի ներկայիս պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որը 2007թ. նշանակվել էր Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ):
Սրան զուգահեռ մամուլում ակտիվ լուրեր սկսեցին շրջանառվել այն մասին, որ առաջիկայում ՊՆ-ում նոր նշանակումներ ու կադրային տեղաշարժեր են սպասվում: Պարզելու համար թե որքանո՞վ են իրականությանը մոտ այդ խոսակցությունները եւ թե արդյո՞ք կլինեն նոր տեղաշարժեր ՊՆ-ում, թե՞ ոչ, Fnews.am-ը մի քանի հարցադրում արեց ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին:
-Պարոն Հովհաննիսյան, ճի՞ շտ է , որ ՊՆ-ում կադրային նոր տեղաշարժեր են լինելու:
-Նման լուրերը մենք չենք մեկնաբանում: Կամ ո՞ վ է նման լուրեր տարածողը: Եթե ստեղծվի նման իրավիճակ, լինեն փոփոխություններ, մենք անպայման կբարձրաձայնենք, և տեղեկությունը հասանելի կդառնա բոլորին:
-Արդյո՞ք ՊՆ-ում ըմբոստություն կա Մովսես Հակոբյանին Երևան տեղափոխելու հետ կապված:
-Ի՞նչ, ի՞ նչ եք ասում: Ըմբոստություն բառը բացակայում է ռազմական լեքսիկոնից: Նման բան չկա:
-Առիթից օգտվելով ճշտենք, թե ինչպիսի՞ն է դրությունը սահմանին ներկա պահի դրությամբ:
-Սահմանին դրությունը շատ ավելի լավ է, քան եղել է նախկինում: Իսկ զինվորներն ինչպես միշտ մարտական են:
Աննա Առաքելյան