Շենգավիթ ԲԿ-ից չեն տեղեկացնում՝ արդյոք գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը շարունակում է աշխատել ծննդկանի մահից հետո
«Շենգավիթ» բժշկական կենտրոնից տեղեկատվություն չեն տալիս՝ արդյոք գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը շարունակում է աշխատել ու սպասարկել հղի կանանց՝ ծննդկան Մերի Մարգարյանի մահից հետո:
ԲԿ-ի տեղեկատվական-վերլուծական բաժնից Tert.am-ի հետ զրույցում ասացին. «Մենք որևէ մեկնաբանություն չենք տալիս, մեր Facebook-յան պաշտոնական էջում գրված է՝ մեկնաբանությունները կտանք հետաքննության ավարտից հետո»:
Հարցին, թե ստացվում է, որ գաղտնի են պահում բժշկուհու աշխատելու կամ չաշխատելու մասին փաստը, աշխատակիցը դարձյալ պատասխանեց, որ մեկնաբանություն չունի:
Հիշեցնենք, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում հուլիսի 29-ին մահացել քսանվեցամյա ծննդկան Մերի Մարգարյանը, որի հղիությանը հետևում էր «Շենգավիթ» բժշկական կենտրոնի գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը:
Ծննդկանի հարազատները հենց բժշկին են մեղադրում Մերիի մահվան մեջ՝ հայտարարելով, որ վերջինս անտարբեր վերաբերմունք է ցուցաբերել վատառողջ հղի կնոջ նկատմամբ, ինչն էլ հանգեցրել է նրա և փոքրիկի մահվան:
Հիշեցնենք նաև, որ գործի առիթով հարուցվել է քրեական գործ: