«Շանթ-2015» զորավարժության շրջանակներում ոստիկանությունում ամփոփիչ խորհրդակցություն է անցկացվել (PHOTO, VIDEO)
«Շանթ-2015» զորավարժության շրջանակներում սեպտեմբերի 5-ին ոստիկանությունում տեղի է ունեցել ամփոփիչ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են վարժանքին ոստիկանության ստորաբաժանումների մասնակցության արդյունքները: Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, խորհրդակցությունը վարել է ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Ներկա են եղել գերատեսչությունների ներկայացուցիչներ, որոնք զորավարժությանը մասնակցել էին դիտորդի կարգավիճակով, ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային վարչությունների և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Խորհրդակցության մասնակիցները վերլուծել են ոստիկանության օպերատիվ գործողությունները՝ հասարակական կարգի և անվտանգության ապահովման, գերատեսչությունների պայմանական տարհանման, փախստականների ճամբարի կազմակերպման, պարետային ժամի ռեժիմով վերակարգերի ծառայության իրականացման ուղղությամբ, հանցագործությունների կանխարգելման և բացահայտման միջոցառումների ընթացքը, բնակչության հետ տարված բացատրական աշխատանքների համալիրը և այլն: Քննարկվել են զորավարժությունների ընթացքում ոստիկանության իրականացրած միջոցառումներն՝ ըստ խաղաղ ժամանակաշրջանից պատերազմականի փոխադրման, զորահավաքային, քաղաքացիական պաշտպանության պլանների, ինչպես և պահեստային կառավարման կետի պատրաստականության, գաղտնիության ռեժիմի ու անվտանգության կանոնների պահպանման և մի շարք այլ խնդիրներ: Դիտորդները դրական են գնահատել ոստիկանության ծառայությունների գործողությունները՝ նշելով դրանց օպերատիվությունն ու կազմակերպվածությունը: Ամփոփելով «Շանթ-2015» զորավարժությանը ոստիկանության ստորաբաժանումների մասնակցության արդյունքները՝ Վլադիմիր Գասպարյանը շնորհակալություն է հայտնել անձնակազմին ծառայության համար և նշել, որ զորավարժության կարևորագույն ձեռքբերումներից մեկը բարոյահոգեբանական բարձր մթնոլորտն էր, որը ոստիկանության պետը համեմատեց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումների հետ: