Սուրիկ Խաչատրյանի մերձավորների մասնակցությամբ ծեծկռտուքից տուժածը Մոսկվայից վերադառնալուց հետո նոր փորձաքննության կենթարկվի
Մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տուժած Հարություն Զաքարյանը դեռևս դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննության չի ենթարկվել, քանի որ բուժման նպատակով կրկին մեկնել է Մոսկվա: Այս մասինyerkir.am-ին հայտնեց Զաքարյանի պաշտպան Լևոն Սահակյանը՝ նշելով, որ վերադառնալուց հետո անպայման փորձաքննության կենթարկվի:
«Նրա վիճակը բավական ծանր է, քանի որ որևիցե առաջընթաց տեսողության վերականգման գործում չի գրանցվել, և այժմ Զաքարյան ընտանիքի հիմնական ու առաջնահերթ նպատակը տեսողության վերականգնումն է կամ առնվազն ավելի վատթարացումը կանխելը»,-ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ Հարություն Զաքարյանի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ մեղադրվող` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, օգոստոսի 20-ին դատահոգեբուժական փորձաքննության է ենթարկվել: Yerkir.am-ին Խաչատրյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը տեղեկացրեց, որ փորձաքննության պատասխանները դեռևս չեն ստացվել:
Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), եւ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանավորումը: Ներկայումս նա գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասում, քանի որ, ըստ պաշտպանի, առողջական խնդիրներ ունի: