Իհարկե, գնալու եմ սահման, քեզ էլ հետս եմ տանելու. Սուրիկ Խաչատրյան
«Իհարկե, գնալու եմ սահման, քեզ էլ հետս եմ տանելու: Հենց փորձեն կրակի տան մեզ, մենք կշրջափակենք»,-այս մասին Hraparak.am–ին ասաց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ պատասխանելով սահման գնալու մասին մեր հարցին: Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը պարբերաբար գնդակոծում է Տավուշի մարզի հայկական սահմանամերձ բնակավայրերը: Այս օրերին 3 խաղաղ բնակիչ է զոհվել, իսկ ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման էր ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, ինչի հետեւանքով զոհվել էին ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) եւ Կարեն Գեւորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Կա 16 վիրավոր:
«Մեր բանակն էլ է մարտունակ, երկրապահան էլ է մարտունակ, բոլորն էլ մարտունակ են: Եթե կարիք լինի կգնանք, կկռվենք մեր հողի համար»,-ասաց մարզպետը:
Նյութի աղբյուրը ` hraparak.am