Արմավիր-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակահարվել է 21-ամյա երիտասարդ
2015 թվականի սեպտեմբերի 30-ին՝ ժամը 19:30-ին, Վաղարշապատի կենտրոնական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ու գոտկային շրջանի կտրած-ծակած չթափանցող վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է ընդունվել Էջմիածին քաղաքի բնակիչ, 1994 թվականին ծնված Խ.Գաբրիելյանը: Պարզվել է, որ Խ.Գաբրիելյանը մարմնական վնասվածքներն ստացել է Էջմիածին քաղաքի Անդրանիկ թաղամասի և Արմավիր-Երևան ավտոճանապարհի միջանկյալ հատվածում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքերի փորձանմուշներ, ինչպես նաև՝ հանցագործության գործիք հանդիսացող խոհանոցային դանակը: Քննություն է տարվում պարզելու դանակահարության հանգամանքները։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին