«Էդ հարցերով աղջիկ ջան, ուրիշ տեղ զանգեք. ես դրանց հետ գործ չունեմ»
Fnews.am-ը նախօրեին գրել էր այն մասին, որ ՀՀԿ ընտրական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանը ակտիվ կերպով հանդիպումներ է սկսել անցկացնել մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների, այդ թվում նաեւ մարզային իշխանիկների հետ, որոնց վրա էլ ըստ էության դրված է «Այո»-ի ձայները ապահովելու լուրջ եւ պատասխանատու գործընթացը:
Շրջանառվող լուրերի համաձայն, առաջիկա օրերին վարչապետ Աբրահամյանը գուցեեւ ոչ պաշտոնական մակարդակով, հնարավոր է հանդիպումներ ուեննա նաեւ ազդեցիկ ներկա ու նախկին ՀՀ քաղաքապետերից մի քանիսի հետ, որոնց ռեսուրսները դեռ կարելի է օգտագործել հօգուտ հանրաքվեի կայացմանը:
Fnews.am-ին հասած տեղեկությունների համաձայն, չի բացառվում, որ այս համատեքստում, առանձնակի ուշադրության արժանանա Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ հայտնի Վարդանիկը, ով այս օրերին «խաչակրաց արշավանք» է սկսել գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի դեմ: Ինչեւէ, պարզելու համար, թե «պատերազմական» այս ժամանակահատվածում, ինչպե՞ս է նախապատրաստվում Վարդան Ղուկասյանը «Այո»-ի քարոզարշավին, Fnews.am-ը փորձեց այս եւ այլ հարցերի շուրջ պարզաբանում ստանալ հենց նրանից, սակայն քաղաքապետը ի զարմանս մեզ շատ կարճ ու նյարդային տոնով պատասխանեց.
-Ես դրանց հետ գործ չունեմ, ես քաղաքականության հետ կապ չունեմ: Էդ հարցերով աղջիկ ջան ուրիշ տեղ զանգեք, ուրիշ տեղ: Վերջ: