Ծայրահեղ վատ վիճակում գտնվող ամբաստանյալին կաթիլային են միացնում հենց խցում, նույնիսկ չեն տեղափոխում հիվանդասենյակ. պաշտպանն ահազանգում է -
Արդեն երրորդ օրն է, ինչ առողջական ծայրահեղ վատ վիճակում գտնվող կալանավոր Վաղինակ Հովհաննիսյանին որևէ հետազոտության չեն ենթարկում՝ հասկանալու համար, թե վիճակը որքանով է լուրջ: Նրան ընդամենը հանգստացնող և քնաբեր են ներարկում, կաթիլային են միացնում՝ այն էլ խցում, նույնիսկ հիվանդասենյակ չեն տեղափոխում: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում ահազանգ հնչեցրեց 31-ամյա Վաղինակի պաշտպան, փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:
Ըստ պաշտպանի, իր կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ անհիմն մեղադրվող Վաղինակը քանի ամիս է, ինչ գտնվում է կալանքի տակ, ընթանում են դատական նիստերը, հարցաքննվել է կինը, ով գործով տուժողն է, նրա ընտանիքի անդամները՝ մայրը, քույրը, եղբայրը: Հերթական դատական նիստի ժամանակ՝ նոյեմբերի 11-ին, երբ արդեն ավարտվում էր վկայի հարցաքննությունը, Վաղինակն իրեն վատ է զգացել, ջուր խնդրել, սակայն ջուր խմելուց հետո էլ հինգ րոպե անց նա նորից ասել է, որ վատ է զգում, խնդրել է ընդհատել դատական նիստը: Ամբաստանյալը գունատվել է ու ավելի վատ զգացել, և դատարանը հետաձգել է նիստը, Վաղինակը ոտքի է կանգնել, ուշաթափվել ու վայր ընկել, ոստիկանության աշխատակիցները նրան մի կերպ բարձրացրել են, նստեցրել, շտապօգնությունը՝ բուժօգնություն ցուցաբերել: Պաշտպանի ունեցած տեղեկություններով, արյան ճնշումը բարձրացել է մինչև 220-ի նիշը:
Ամբաստանյալին տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի խուցը, նրա վիճակը կտրուկ սկսել է վատանալ, և հաջորդ օրը Վաղինակի դեմքի ծնոտային հատվածը թեքվել է: «Մենք բժիշկ չենք, բայց ակնհայտ էր, որ դեպի վատ հիվանդություն տանող վատ նախանշաններ են, վիճակն էլ չէր կայունանում, արյան ճնշումը շարունակում էր մնալ բարձր: Նաև մտավախություն կար, որ կարող է կաթված լինել»,- ասաց փաստաբանը:
մանրամասները՝pastinfo.am-ում: