Ահազանգ և խայտառակություն. ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ն ու Ժառանգությունը ծախել են իրենց տեղերը
Ահազանգ և խայտառակություն…ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ն ու Ժառանգությունը ծախել են իրենց տեղերը
Թիվ 25 ընտրատարածքի, որն ընդգրկում է Հրազդան և Ծաղկաձոր քաղաքները, և հարակից 11 գյուղեր, հանրաքվեի համար կազմավորված տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերը ուսումնասիրելիս ի հայտ է գալիս մի խայտառակ իրողություն: Հենց ամենասկզբից, ինչպես տեղեկացրեց ընտրատարածքային հանձնաժողովի անդամներից մեկը, թիվ 25 ընտրատարածքի 41 ընտրական տեղամասերում հետևյալ պատկերն է: Հանրապետական կուսակցությունը հանձնաժողովներում նշանակել է իրեն հասանելիք տեղի անդամը, Բարգավաճ Հայաստան կուսակցության տեղի անդամին, Ընտրատարածքային հանձնաժողովի կողմից նշանակվող 2 անդամի տեղը: Դաշնակցությունն իր անդամներին նշանակել է ՀՀԿ-ի հետ համաձայնեցված, իսկ որոշ տեղամասերում ՀՅԴ տեղերը համալրվել են ՀՀԿ-ականներով:
Հանրապետական կուսակցությունն իր անդամներով համալրել է նաև Ժառանգության տեղերի 90 տոկոսը, իսկ մնացած 4-5 հոգուն Ժառանգությունը Հրազդան է տարել հարևան Չարենցավան քաղաքից: Նույն պատկերն է նաև ՀԱԿ-ի դեպքում: Այսինքն ստացվում է, որ դիցուք 25 ընտրատարածքում 41 տեղամասերից առնվազն 35-ում հանձնաժողովի 8 անդամից 7-ը կամ ՀՀԿ անդամներ են, կամ ՀՀԿ-ի կողմից են նշանակվել: Միայն Օրինաց երկիր կուսակցությունն է 41 տեղամասերում իր տեղերը համալրել բացառապես ՕԵԿ անդամներով:
Փաստորեն հանձնաժողովներում կա 7 ԱՅՈ և մեկ ՈՉ` ի դեմս ՕԵԿ-ի, որը փաստորեն պետք է կռիվ տա թե իշխանության և թե ձևական ընդդիմության դեմ:
Սույն տեղեկատվությունը ճշտվել է նաև բազմաթիվ հանձնաժողովականների հետ խոսելիս: Բոլորը միաձայն նույն բան էին նշում: Առանձնապես մեծ ջանք պետք չէ թափել ստուգելու ներկայացված տեղեղեկությունը: Բավարար է նայել, թե որտեղ են աշխատում ՀՀԿ-ի կողմից ներկայացված , բայց իբր ԲՀԿ-ական, ՀՅԴ-ական, ժառանգական և ՀԱԿ-ական հանձնաժողովի անդամները: Նրանք կամ գյուղապետարանի, կամ քաղաքապետարանի, կամ մարզպետարանի, կամ էլ պետական որևէ այլ հաստատության աշխատակիցներ են, որոնք մշատապես տարբեր ընտրություններում ներգրավված են եղել հանձնաժողովներում ՀՀԿ-ի կողմից: Ի վերջո, բոլորը բոլորին ճանաչում են և նման հրապարակային խնդիրը թաքցնել չի լինի:
Փաստորեն ամեն օր արդարությունից ու պայքարից գոռգոռացող ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ն ու Ժառանգությունը իրենց հանձնաժողովի տեղերը տվել են ՀՀԿ-ին: Ամոթ ու խայտառակություն: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են:
Կոչ եմ անում լրատվամիջոցներին ուսումնասիրել նաև մյուս ընտրատարածքների հանձնաժողովների կազմերը ևս: Բոլոր տեղերում նույն պատկերն է: