«Արցախը համապատասխան ներուժ ունի ռուս-թուրքական խաղում խաղաքարտ չդառնալու համար»
Շփման գծում առկա լարվածության, ռուս-թուրքական հարաբերությունների սրման ֆոնին Հայաստանի եւ Արցախի՝ կոնֆլիկտի մեջ ներքաշվելու վտանգի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանի հետ:
-Պարոն Բեգլարյան, շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Տեսնո՞ւմ եք արդյոք վտանգ, որ ռուս-թուրքական կոնֆլիկտի մեջ ներքաշվեն Հայաստանը եւ Արցախը: Դուք ինչո՞վ եք պայմանավորում հակառակորդի ակտիվ գործողությունները:
– Շփման գծում իրավիճակը լարվածության նմանատիպ պահեր ունեցել է ոչ մեկ անգամ, ինչը նշանակում է, որ ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը չի կարող վճռորոշ դերակատարում ունենալ Ադրբեջանի ագրեսիվ վարքի վրա: Պատճառների մի համախումբ է ընկած Ադրբեջանի արկածախնդիր վարքի հիմքում, որն ապացուցվել է տարբեր առիթներով: Ամեն դեպքում, ընդհանրապես չեմ բացառում, որ վերջին օրերի լարումը կարող է որոշ չափով պայմանավորված լինել նաև տարածաշրջանում ի հայտ եկած ապակայուն իրավիճակից մանր դիվիդենտներ շահելու կամ արձագանք ստուգելու Բաքվի հաշվարկներով: Զարմանում եմ այն պնդումներից, որոնք Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններն ուղղակիորեն կապում են ղարաբաղյան հակամարտության հետ: Իրականում ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Ռուսաստանն անմիջական կապ չունեն կոնֆլիկտի հետ, իսկ միջնորդավորված կապը միակողմանի և միանշանակ չէ: Պետք չէ մոռանալ, որ Արցախը ռուսական տարածք չէ, իսկ Ադրբեջանն էլ բավականին ջերմ հարաբերություններ ունի ՀՀ դաշնակից ՌԴ-ի հետ, և չի կարող մեծ եղբոր վարքը կրկնօրինակել՝ ցուցադրաբար դուրս գալով ՌԴ դեմ:
Իրականում Ադրբեջանի դրությունը նախանձելի չէ ռուս-թուրքական կոնֆլիկտի պայմաններում, քանի որ Բաքուն երկու կողմերի հետ էլ սերտ հարաբերություններ և երկուսից էլ զգալի կախվածություն ունի: Ինչ վերաբերում է Ադրբեջանի ագրեսիվ վարքին, մեզ համար դա կանխատեսելի է, քանի որ շարունակվում է վերջին տարիների քաղաքականությունը՝ պայմանավորված նույն պատճառներով՝ ներքաղաքականից մինչև արտաքին քաղաքական միջավայր, բանակցային շանտաժից մինչև տրամադրությունների ու հնարավորությունների շոշափում:
մանրամասն՝galatv.am-ում