«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի Հայաստանում գտնվելու, ՀՀ վարչապետի ու օլիգարխիայի հետ ունեցած հանդիպման մասին
Մի քանի օր շարունակ մամուլով ակտիվորեն շրջանառվում են Մոսկվայից ժամանած «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի՝ Զախարի Կալաշովի Հայաստանում գտնվելու մասին լուրերը: Fnews.am-ի թղթակցին հաջողվեց պարզել, որ Շաքրո Մոլոդոյը այս պահին գտնվում է Ծաղկաձորի ՛՛Golden Palace՛՛ հյուրանոցում: Հյուրանոցից մեզ չցանկացան մանրամասներ հաղորդել, թե հյուրը ինչ նպատակով է Հայաստան եկել, միայն նշեցին. «Հյուրերի մասին տեղեկություններ չենք կաող ասել, միայն կարող ենք ասել, որ նա այստեղ է՝ իր ընկերների հետ միասին»:
Ի դեպ, այս օրերին խոսք գնաց նաեւ այն մասին,որ «օրենքով գողին» Հայաստանում դիմավորել են մի շարք պաշտոնատար անձիք: Ըստ որոշ տեղեկությունների՝ «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը հանդիպել է նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի, ինչպես նաև «Վստրեչի Ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանի հետ: Մենք փորձեցինք պարզել, թե արդյո՞ք վերը նշված անձիք հանդիպել են նրա հետ, թե ոչ և ինչ հարցեր են քննարկել: Նորություն ասած չենք լինի, որ նման հավաքների ժամանակ քննարկվում են լրջագույն հարցեր:
Ինչեւէ, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, մեզ հետ զրույցում չցանակցավ խոսել այդ մասին, ասելով հետեւյալը.«Աղջիկ ջան ես անձամբ ձեզ չեմ ճանաչում, ու հեռախոսով հարցերի չեմ պատասխանում, հարցեր ունեք, գրավոր ուղարկեք կպատասխանենք»:
Ոստիկանության լրատվական բաժնից էլ այս առթիվ տեղեկացրեցին, որ.«Հայաստան գալու հետ կապված որևէ տեղեկություն չունենք»:
Վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանից էլ հետարքրքվեցինք, արդյո՞ք վարչապետը հանդիպել է «օրենքով գող» Շաքրո Մալդոյի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում պատասխանեց. «Ոչ, նման հանդիպում չի եղել»: