«Չի կարելի հա՛մ ընկերություն անել, հա՛մ ընկերոջը թիկունքից խփել». Մհեր Սեդրակյանի դեմ կուսակիցները դավե՞ր են նյութում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանի եւ լրագրողների կոնֆլիկտը սկսում է այլ երանգներ ստանալ: Բանն այն է, որ երեկ արդեն սկսեցին լուրեր տարածվել, թե իբր փետրվարի 19-ի միջադեպը իշխանական ինչ-որ շրջանակների կողմից հրահրված է եղել: Հաշվի առնելով Մհեր Սեդրակյանի անձը` նրա դեպքում «հրահրել» ասվածը ենթադրում է նրան մոտենալը եւ ցանկացած հարց տալը: Մհեր Սեդրակյանն այն պատգամավորների շարքին է դասվում, որոնց բավական է՝ լրագրողը մոտենա եւ որեւէ տհաճ հարց ուղղի, աղմուկը երաշխավորված է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում եւս Մհեր Սեդրակյանը իր դեմ կազմակերպված ինչ-որ սադրանքի մասին է ակնարկել: «Եթե իշխանական կայքերն են միացել, դա արդեն չի ասո՞ւմ, որ մեր միջից մարդ կա… ով էլ կազմակերպում է, ամոթ իրեն, չի կարելի հա՛մ ընկերություն անել, հա՛մ ընկերոջը թիկունքից խփել»,- ասել է ՀՀԿ-ական պատգամավորը` հրաժարվելով հստակեցնել, թե իշխանական շրջանակներից ում է կոնկրետ կասկածում լրագրողներին իր դեմ տրամադրելու գործում»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: