ՀՀԿ-ՀՅԴ հուշագիրը փորձ է երկարաժամկետ համագործակցության, մնացյալը կախված է 2017թ.-ի ընտրություններից. Աղվան Վարդանյան
ՀՀԿ-ՀՅԴ միջև ստորագրված քաղաքական համագործակցության մասին փաստաթուղթը փորձ է՝ երկարաժամկետ համագործակցության մեկնարկի: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ փաստաթղթում չկա համագործակցության ժամկետ:
«Մենք միշտ ասել ենք, որ սա փորձ է ավելի երկարաժամկետ համագործակցության, որովհետև հիմքում դրված են սկզբունքներ, արժեհամակարգ, մտածողություն, իսկ մնացյալը կախված է 2017թ.-ի ընտրությունների արդյունքներից»,- նշեց Աղվան Վարդանյանը:
Հարցին՝ համագործակցությունը շարունակվելո՞ւ է 2017թ.-ի ընտրություններից հետո, ՀՅԴ խմբակցության քարտուղարը պատասխանեց. «Կապրենք՝ կտեսնենք»:
Ինչ վերաբերում է կարծիքներին, որ համագործակցության հուշագիրը վերացական բնույթի է, չկան այն քայլերը, որով կիրականացվեն փաստաթղթի դրույթները, Աղվան Վարդանյանը չհամաձայնեց՝ ասելով. «Բացարձակապես համաձայն չեմ: Այնտեղ կան բազմաթիվ ուղղություններ, կոնկրետ քայլեր և դա արդեն աշխատանքով կտեսնեք: Մեզ համար բնական է, որ որոշ քաղաքական գործիչներ այդպես պետք է մեկնաբանեին: Բայց սա լավագույնս աշխատված, մշակված փաստաթուղթ է և իր մեջ ունի բազմաթիվ կոնկրետ անելիքներ»: