Նվազագույն արժեքով բնակարան ձեռք բերելու համար եկամուտների շեմը պետք է հասնի 200-220 հազար դրամի. Քարամյան
Երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու «Պետական նպատակային ծրագիրը», որը մեկնարկել է 2010 թվականի հունվարի վերջին, զգալի հեշտացրել է նորաստեղծ ընտանիքների հոգսը: Այս մասին այսօր` մարտի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:
«Ծրագրի շրջանակներում բարձրացվել է շահառուների տարիքային ցենզը՝ 60-ից հասցվելով 65-ի: Տրամադրվող գումարի շեմը եւս բարձրացվել է՝ 16 միլիոն դրամից հասցվելով մինչև 26 միլիոն դրամ, որից կառավարությունը պատրաստ է փոխհատուցել 17.5 միլիոն դրամը»,- ասաց նախարարի տեղեկալը:
Արսեն Քարամյանը նշեց, որ բնակարանների ձեռքբերման տոկոսադրույքը Երեւանում կկազմի 8-9, մարզերում՝ 6-7տոկոս՝ կախված այդ պահին Կենտրոնական բանկի սահմանած ցուցանիշներից:
Արսեն Քարամյանի խոսքով, ծրագրի մեկնարկից`2010թ. հունվարի վերջից առ այսօր տրամադրվել է 2034 վարկ՝ 15 միլիարդ ընդհանուր դրամագլխով. Երեւանում տրամադրվել է 966, մարզերում ՝ 1068 վարկ: Ըստ նրա նվազագույն արժեքով բնակարաններ ձեռք բերելու համար եկամուտների շեմը պետք է հասնի 200-220 հազար դրամի. «Ինչ վերաբերում է հիմնավորվող եկամուտին, այսինքն՝ ընտանիքի ունեցած եկամուտներին, ապա այս ծրագրի շրջանակներում ամենաթանկ արժեքով՝ 25 միլիոն դրամով ձեռք բերվելիք բնակարանի դեպքում այդ գումարը պետք է մոտ լինի 350-370 հազար դրամին»:
