Իվետա Մուկուչյանը չեղյալ է հայտարարել Մոսկվայում եվրատեսիլյան մամուլի ասուլիսը և ժամանցային հանդիպումները
«Եվրատեսիլ 2016»-ի երգի մրցույթի Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը չեղյալ է հայտարարել Մոսկվայում եվրատեսիլյան մամուլի ասուլիսը, բոլոր հարցազրույցները, ժամանցային հանդիպումները:
Ինչպես տեղեկանում ենք երգչուհու Facebook-ի էջից, վերջինս չի մասնակցելու նաև կարմիր գորգի արարողությանը:
«Միշտ փորձել եմ ինձ համոզել, որ խաղաղությունը բացարձակ ու անխախտ արժեք է բոլորի համար: Բայց պատմական հիշողությունը, ներկայի պատկերը բոլորովին այլ բան են հուշում ... Ցնցված եմ և դատապարտում եմ հրադադարի ռեժիմի յուրաքանչյուր խախտում: Աղոթում եմ խաղաղության շուտափույթ վերականգման համար... Ամուր եղեք, իմ եղբայր զինվորներ:
Այժմ Մոսկվայում եմ և չեղյալ եմ համարել եվրատեսիլյան մամուլի ասուլիսը, բոլոր հարցազրույցները, ժամանցային հանդիպումները, չեմ մասնակցելու նաև կարմիր գորգի արարողությանը... Բայց երեկոյան կփորձեմ հավաքել ուժերս և կատարումս նվիրել 12-ամյա Վաղինակի և բոլոր այն քաջերի հիշատակին, ովքեր զոհը դարձան այս ահաբեկչության: Թող երգս խաղաղության ու սիրո կոչ լինի, ձայնս հատի բոլոր սահմանները և կանգնեցնի չարին: Աստված մեզ պահապան»,- գրել է Իվետան: