Շատ ավելի կարևոր է այն հարցը, թե ի՞նչ պատասխան են տալու Հայաստանի իշխանությունները «լավրովյան» կամ «պուտինյան» առաջարկներին
«ՉԻ»-ն գրում է.
Եվ այսպես՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանում է Հայաստան, և ամենայն հավանականությամբ՝ իր հետ կբերի ղարաբաղյան կարգավորման նոր (կամ նորացված) առաջարկները։ Ռուսական մամուլն արդեն տեղեկություններ է հրապարակել այդ առաջարկների մասին։ Դրանց էությունն այն է, որ հայկական կողմը պիտի որոշ տարածքներ վերադարձնի Ադրբեջանին, հակամարտության գոտում խաղաղապահներ տեղակայվեն, տեղի ունենա փախստականների վերադարձ և «Ղարաբաղի լեգիտիմացում» (ըստ երևույթին խոսքն ինչ-որ միջանկյալ կարգավիճակի մասին է)։ Մի խոսքով՝ համարյա նոր բան չկա։ Նորը թերևս այն իրավիճակն է, որը ձևավորվել է քառօրյա պատերազմից հետո։
Երևանում Լավրովին, իհարկե, սուլոցներով ու կոշտ պաստառներով կդիմավորեն, գուցե նույնիսկ դեսպանատան ուղղությամբ ձվեր նետեն կամ հիշեցնեն պապական Քալանթարով ազգանունը, և որպես հասարակական արձագանք՝ այդ ամենը ոչ միայն նորմալ է, այլև շատ տեղին. Ռուսաստանը պիտի իմանա, որ Հայաստանում վերջին տարիների իրենց պահվածքը գնահատում են որպես թշնամական։ Բայց շատ ավելի կարևոր է այն հարցը, թե ի՞նչ պատասխան են տալու Հայաստանի իշխանությունները «լավրովյան» կամ «պուտինյան» առաջարկներին։ Սա շատ կարևոր է, որովհետև վերջին 18 տարիների մարտավարությունն այս անգամ չի անցնելու։ 18 տարի շարունակ Հայաստանն ու Ադրբեջանը ձևացնում էին, թե ակտիվորեն բանակցում են, բայց իրականում ջուր էին ծեծում՝ Հայաստանի իշխանությունները համարում էին, որ «մենք Ղարաբաղի հարց չունենք, մենք այդ հարցը լուծել ենք» և պետք է ընդամենը պահպանել ստատուս-քվոն, ադրբեջանցիներն էլ ժամանակ էին ձգում՝ ոտքի կանգնելու և բանակը հզորացնելու համար։
Հիմա իրավիճակը բոլորովին այլ է՝ անգամ հրադադար չկա, ընդամենը կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածության կա (ոչ Ադրբեջանն է զորքերը ետ քաշել առաջնագծից, ոչ էլ հայ կամավորականներն են վերադարձել դիրքերից)։ Ռուսաստանն էլ ակնհայտորեն շտապում է և հազիվ թե թույլ տա ևս մի քանի տարի զբաղվել բանակցությունների իմիտացիայով։
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
