Փետրվարին դիրքերում լողացել է, մրսել, դեղ էլ չի եղել. ինչպես է 19-ամյա զինվորը հայտնվել ծայրահեղ ծանր վիճակում
Մարտի սկզբին ծայրահեղ ծանր վիճակում Երեւան տեղափոխված զինծառայող Արամ Սարյանը պարզվում է՝ մինչեւ այդ մի քանի օր ջերմություն է ունեցել, սակայն դիրքերում ջերմիջեցնող հաբեր ընդունելու հնարավորություն չի ունեցել: Ինչպես Արամի հայրն է նշում, դիրքերում դեղ չի եղել:
«Որդիս հետախույզ էր, երկար ժամանակ դիրքերից չէր իջնում: Անձրեւի, ձյան տակ էր ընկել, մրսել, դեղ էլ չէր եղել, որ խմի, շուտ լավանա, էդպես բարդացել էր: Բացի դրանից, փետրվարին ստիպված է եղել դիրքերում լողանալ, սրբիչ չի եղել, որ չորանա ու էդ ժամանակ էլ էր մրսել, կուտակվել, կուտակվել է ու էս վիճակում էր հայտնվել»,- պատմում է Արամի հայրը՝ Խաչիկ Սարյանը:
19-ամյա Արամը բանակ է զորակոչվել 2015թ. հունիսին: Հոր պնդմամբ, առողջական ոչ մի խնդիր չի ունեցել, շատ ուժեղ ու առողջ երիտասարդ է. «Մի քանի օր ջերմությունը չէր իջնում, ներվի բորբոքում էր տվել մրսելուց: Դիրքերից իջեցրել են զորամաս, ապա Ստեփանակերտ, էնտեղից էլ Երեւան: Մարտի 4-ից Երեւանում է, 1.5 ամիս մնացել է հիվանդանոցում»:
մանրամասն՝news.am-ում
