Առեղծվածային դեպք Երևանում, էրեբունու բժիշկները մահվան ճիրաններից փրկել են նախկին մանկավարժին, ում վերքերի մեջ առկա էին որդեր. մանկավարժը պնդում է, որ իրեն առևանգել էին
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի բնակիչ, 58-ամյա Գևորգ Կոշկերյանին զանգահարել են և պայմանավորվել հանդիպման մասին: Գ. Կոշկերյանը գնացել է հանդիպման, որտեղ եղել են 4-5 հոգի, ովքեր նստեցրել են նրան ավտոմեքենա, տարել ինչ-որ ավտոտնակ և դաժան ծեծի ենթարկել: Այդ ամենից հետո Գ. Կոշկերյանին տարել են իր բարեկամի տուն` Չարբախ, թողել այնտեղ, սակայն հարազատները չեն իմացել այդ մասին և մի քանի օր փնտրել են նրան: Չարբախում 3 օր մնալուց հետո նա գտնվել է և խոշտանգված, բազմաթիվ վնասվածքներով, ոստքերի վրա այրվածքներ հիշեցնող վերքերով, թևերի «մսերը պոկված», անգիտակից, ծայրահեղ ծանր վիճակում կանչով ժամանած շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Հիվանդանոցում Գ. Կոշկերյանը ենթարկվել է վիրահատության և 2 օր հետո վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել հիվանդասենյակ:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Գ.Կոշկերյանը ասում էր. «էրեբունու բժիշկները էն աշխարհից` մահվան դռնից ինձ հետ բերեցին, հետո իմացել եմ, որ վերքերիս մեջ անգամ որդեր են եղել ու բժիշկ Արտյոմ Իկիլիկյանը էրեբունու իր կոլեգաների հետ բարդ վիրահատություն կատարելով` նոր կյանք տվեց ինձ»: Ֆոտոլրագրողի հարցին, թե կան տեղեկություններ, որ դուք եք ձեզ ինքնավնասել, Գ.Կոշկերյանը ասում էր, որ դա չի համապատասխանում իրականությանը: «Մի քանի հոգու գումար եմ պարտք եղել և, հավանաբար, իրենք էլ ինձ առևանգել են տվել ու փորձել սպանել: Մինչև այս պահը ոստիկանությունից ոչ մի արձագանք չկա և ոչ էլ դատաբժիշկ է ինձ նայել: Փրկվել եմ հարևանիս շնորհիվ, ով տեսնելով ինձ այս վիճակում` ահազանգել էր շտապօգնություն ու ժամանած բրիգադը ինձ մահամերձ վիճակում տեղափոխել է Էրեբունի հիվանդանոց, որտեղ էլ բժշիկները փրկեցին կյանքս»:
