Արտակարգ դեպք նախկին ոստիկանապետին պատկանող ռեստորանային համալիրում․ զենքի սպառնալիքով տեղի է ունեցել ծեծկռտուք և հայր ու որդու առևանգում
Shamshyan.com-ի տեղեկացմամբ` արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանևան գյուղի «Վանևան» ռեստորանային համալիրում խուլիգանություն է տեղի ունենում, իսկ կատարողը զինված է ատրճանակով։ Խուլիգանություն կատարողը նախ տակն ու վրա է արել ողջ ռեստորանը, կոտրել ողջ սպասքը, գույքը, այնուհետև ծեծի է ենթարկել ռեստորանի աշխատակից 51-ամյա Հրայր Ավետիսյանին։
Ավետիսյանին օգնության է հասել նրա 24-ամյա որդին` Գոռ Ավետիսյանը, ով նույնպես ծեծի է ենթարկվել, որից հետո ատրճանակով զինված երիտասարդը առևանգել է նրանց։ Խուլիգանության, անձի առևանգման, ծեծի կասկածանքով որոնվում է Երևանում բնակվող վարդենիսցի, 30-ամյա Ռոմիկ Մինասյանը, ով Վանևանի գյուղապետի փեսան է։ Ռեստորանը պատկանում է Վարդենիսի նախկին ոստիկանապետ Տիգրան Գալստյանին, Վանևանի գյուղապետն էլ նրա հետ փայատեր է։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր․ օր․-ի մի քանի հոդվածներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ` կասկածյալ Ռ․Մինասյանին հայտնաբերելու ուղղությամբ։
