Հուլիս ամսվա երկրորդ կեսի հարկային մուտքերը կտրուկ նվազել են
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ ՀՀ ֆինանսների նախարարության ու պետեկամուտների կոմիտեի, ասել է թե՝ մեր երկրի փող հավաքող ու ծախսող մարմինների մասնագետները փորձում են պարզել, թե պետական բյուջեի հաշվեհամարներին հավաքվող հարկերը ինչու են նախատեսվածից շեշտակի պակասել։
Բանն այն է, որ, ըստ թերթի աղբյուրների, հուլիս ամսվա երկրորդ կեսի հարկային մուտքերը կտրուկ նվազել են։ Մասնագիտական կարծիք կա, որ քիչ հարկ վճարելու պատճառը ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված խուճապային տրամադրություններն են։ Տպավորություն է, թե, «երկիրը կանգնել է», բոլորն ինչ-որ բանի են սպասում։ Բայց եթե ուսումնասիրությամբ պարզվի, որ տնտեսվարողները օբյեկտիվ պատճառներով են քիչ հարկ վճարում, կնշանակի, որ Հայաստանի տնտեսության ճգնաժամն ավելի է խորացել։ Մյուս կողմից բացառված չէ, որ տնտեսվարողները պարզապես որոշել են օգտվել նախընտրական տարվա ընձեռված հնարավորություններից և քիչ են հարկ վճարել՝ համոզված լինելով, որ չեն ճնշվի։