Բոլորը գիտեն՝ «ոչ մի բանի համար եմ նստած ու լուրջ քննարկում են՝ չենք կարող բաց թողնել». ցմահ դատապարտյալ
pastinfo.am-ը գրում է.
Քսան տարուց ավելի ազատազրկում կրող ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանը դիմել է դատարան պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու կամ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու միջնորդագիր չներկայացնելու քրեակատարողական հիմնարկի որոշման դեմ:
Ցմահ դատապարտյալի դիմում-բողոքի գործով այսօրվա դատական նիստում նրա ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Ռևազյանը նշեց, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի որոշումը պատճառաբանված չէ, ինչը հակասում է ՍԴ արտահայտած դիրքորոշմանն առ այն, որ որոշումները պետք է լինեն պատճառաբանված:
Ըստ քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանի, որոշման համար հիմք է ծառայել այն, որ Ա.Մկրտչյանը չի հատուցել տուժողների՝ կյանքից զրկվելու հետևանքով պատճառված վնասը: Ներկայացուցիչը որպես հիմք հիշատակեց ՀՀ քրեակատարողական օրենսգրքի դրույթն, ըստ որի «Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատում կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինում չի կիրառվում, երբ հանցագործության կատարմամբ մարդու առողջությանը պատճառվել է վնաս կամ առաջացրել է մարդու մահ, և դատապարտյալը ամբողջությամբ չի հարթել տուժողին պատճառված վնասը»:
Ռոբերտ Ռևազյանն ի պատասխան նշեց, որ այդ նորմը՝ Քրեակատարողական օրենսգրքի լրացումը, կատարվել է Արթուր Մկրտչյանի դատապարտվելուց հետո, իսկ Ա.Մկրտչյանի դատապարտվելու դրությամբ սահմանադրական նորմը սահմանում է՝ պատասխանատվությունը սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի: «Ես խնդրում եմ, որ դատարանն արդարադատություն իրականացնի»,- ասաց փաստաբանը:
Ըստ ՔԿՀ ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանի, վիճարկվող նորմը պատասխանատվությունը ծանրացնող չէ, այլ սահմանում է դատապարտյալի պարտականությունները:
Ռ.Ռևազյանն էլ իր հերթին հակադարձեց՝ ՔԿՀ ներկայացուցիչն արդեն հայտնել է, թե ո՛րն է եղել որոշման հիմքը, ուստի հաջորդ դատական նիստին այլևս չի կարող նոր հիմքեր ավելացնել, դա բացարձակապես անընդունելի կլինի:
1997թ. կայացված դատավճռով Արթուր Մկրտչյանը դատապարտվել էր մահապատժի (hետագայում ի թիվս այլ մահապատժի դատապարտվածների, նրան ներում էր շնորհվել ու մահապատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ): Դատավճռով սահմանվում էր, որ Ա.Մկրտչյանից հօգուտ հինգ տուժողների իրավահաջորդների պետք է բռնագանձվի 2000 ԱՄՆ դոլարին համարժեք մեկ մլն երեսուն հազարական ՀՀ դրամ՝ որպես հուղարկավորության ծախս:
մանրամասն՝այստեղ:
