«Ուժեղ գոռոց լսվեց…Գոռացողը տեսել էր կախված Հայկազին». կուրսանտի սպանության գործով ընկերոջ խոստովանությունը
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում բազմակի հետաձգումներից հետո շարունակվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական քննությունը:
Դատական այս նիստն էլ սկզբում հետաձգվեց, քանի որ վատացել էր ամբաստանյալ Մովսես Ազարյանի առողջական վիճակը՝ նա բողոքում էր սրտխառնոցից, գլխապտույտից ու գլխացավից: Ազարյանի շահերի պաշտպան, փաստաբան Անահիտ Հովհաննիսյանի խոսքերով՝ այս դատական նիստին Ազարյանը ներկայացել էր «սփրթնած», նրա տեսքից էլ պարզ էր, որ վատ է զգում:
Հրավիրվեց շտապօգնություն, ամբաստանյալին ցուցաբերվեց բժշկական օգնություն:
Կարճատև ընդմիջումից հետո դատական նիստը շարունակվեց, քանի որ ամբաստանյալ Մովսես Ազարյանը հայտարարեց, որ դեղեր ընդունելուց հետո իրեն լավ է զգում, կարող է ներկա գտնվել նիստին:
Վերջապես դատարան էին ներկայացվել գործով տուժող ճանաչված կուրսանտները՝ Տ. Դեմիրճյանը, Կ. Բաղրամյանը, Տ. Մանասերյանը և Ա. Սիմոնյանը: Մեկ տուժող կուրսանտ՝ Հ. Ալեքսանյանը, չէր ներկայացվել, քանի որ, ըստ ստացված գրության, փոխվել է նրա վաշտը: Վերջինիս բացակայության պայմաններում որոշվեց շարունակել դատական նիստը:
Դատարանը տուժողների հարցաքննության փուլում է:
Հարցաքննվեց տուժող Արտուշ Սիմոնյանը:
Նա հայտնեց, թե ամբաստանյալների, ինչպես նաև սպանված Հայկազ Բարսեղյանի հետ անմիջական շփումներ չի ունեցել: Հայկազին ճանաչել է «հեռվից»:
Արտուշ Սիմոնյանը բուն սպանության դրվագով չէ այս գործով տուժողի կարգավիճակ ձեռք բերել:
Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի հունվարյան մի օր կուրսանտ Վարազդատ Սաֆարյանը լսարանում խոսելու համար վիճել ու ծեծի է ենթարկել Արտուշին:
Այս դրվագի վերաբերյալ տուժողն ասաց, թե ինքը վնասներ չի ստացել՝ ո՛չ ֆիզիկական, ո՛չ բարոյական, ո՛չ նյութական:
Այդ օրը լսարանում Վարազդատին հանձնարարված էր հետևել, որ լռություն պահպանվի, ինքը խոսել է՝ դասի վերաբերյալ բան է հարցրել: Վարզդատը դիտողություն է արել, դրանից իրենց միջև վեճ է ծագել՝ «լեզվակռիվ է եղել մի թեթև»:
Իրենք միայն քաշքշել են միմյանց: Քաշքշոցի ժամանակ էլ իր արդեն իսկ ճաքած շրթունքից արյուն է եկել: Իր կարծիքով՝ Վարազդատը իր շրթունքին չի հարվածել, պարզապես քաշքշոցի ժամանակ դիպել է երևի, ճաքած շրթունքն արյունահոսել է…
Արտուշ Սիմոնյանի դատաքննական ցուցմունքից կարող էր հետևել, որ ինքը տուժողի կարգավիճակ ստանալու ոչ մի պատճառ չուներ, քանի որ Վարազդատի կողմից ծեծի չի ենթարկվել, որևէ վնաս չի կրել, նույնիսկ ֆիզիկական ցավ չի զգացել:
մանրամասները՝1-in.am-ում:
