Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտտվող լեգենդների, նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի, ու Հայաստանի ապագայի մասին
Մարդու արժեքը գիտե՞ք որն է՝ ճիշտ ապրելը
Արթուր Ասատրյանը, նույն ինքը՝ հայտնի Դոն Պիպոն, ծնվել (1971թ.) եւ մեծացել է Էջմիածնում, որտեղ նա մեծ հեղինակություն է վայելում:
Արթուրի՝ Հռոմում գտնվող 4,8 հեկտարանոց վիլլան, որը ժամանակին եղել է Իտալիայի նախագահի ռեզիդենցիան, Հայաստանից եւ աշխարհի տարբեր երկրներից բազմաթիվ պատվիրակություններ է հյուրընկալել:
Արթուր Ասատրյանը` Պիպոն, առաջին անգամ Հայաստանից տեղափոխվել է 1994 թվականին, ապա՝ վերադարձել, եւ կրկին մեկնել է Իտալիա՝ վերջնականապես այնտեղ հաստատվելով:
Մի քանի տարի նա իր ընտանիքի հետ ապրել է Ռուսաստանում՝ Մոսկվայում, ապա 2006թ. տեղափոխվել է Հռոմ: Ունի երկու զավակ.դուստր եւ որդի, ովքեր հասցրել են լավագույն կրթություն ստանալ Քեմբրիջի համալսարանում, եւ հասարակության համար պիտանի մարդիկ դառնալ:
Ըստ Ա. Ասատրյանի` իր հիմնական բիզնեսը կենտրոնացած է Ռուսաստանում եւ արտասահմանյան որոշ երկրներում: Նա զբաղվում է գրասենյակային շենքերի շինարարությամբ, որոնք հետագայում տրվում են վարձակալության, զբաղվում է նաեւ ոսկերչությամբ եւ ռեստորանային բիզնեսով:
Ի դեպ, 2007թ. Ա. Ասատրյանի հովանավորությամբ Հռոմի սրտում՝ 17-րդ դարի Սուրբ Նիկողայոս եկեղեցու եւ Լեւոնյան վարժարանի բակում տեղադրվել է խաչքար-հուշաքար՝ նվիրված Եղեռնի եւ Ղարաբաղի պատերազմի զոհերի հիշատակին: Խաչքարի օծման արարողությանը մասնակցում էին Իտալիայի կառավարության, Հռոմի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Իտալիայում ՀՀ նախկին դեսպան Ռուբեն Շուգարյանը, հյուրեր Վրաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Հայաստանից: Արարողությանը ներկա էր նաեւ վրացի քանդակագործ Զուրաբ Ծերեթելին: Խաչքարն Իտալիա էր տեղափոխվել Հայաստանից:
Ինչեւէ, հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի մասին հայկական մամուլում բազում հրապարակումներ են եղել, որոնք շատ հաճախ հակասական ու իրարամերժ կարծիքներ ստեղծելու առիթ են հանդիսացել:
Իսկ թե ինչո՞վ է պայմանավորված Արթուր Ասատրյանի ՝Դոն Պիպոյի անձի շուրջ ստեղծված հետաքրքրությունը, եւ թե ինչպիսին է Դոն Պիպոն իրական կյանքում, Fnews.am-ը փորձեց այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալ հենց նրանից:
-Պարոն Ասատրյան, նախ եւ առաջ խոսենք նրա մասին, թե ինչու Ձեզ կնքեցին Դոն Պիպո անունով:Կարծիքներ կան, թե իտալական մաֆիան է Ձեզ Դոն կնքել:Չնայած որ, խոսակցություններ կան նաեւ այն մասին, որ Դոն անունը առավել կիրառելի է դարձել այն բանից հետո, երբ Հռոմի Պապի կողմից Ձեզ հանձնված մի պատվոգրի մեջ մակագրված է եղել՝ Դոն Արթուր Ասատրյանին, ճի՞շտ է:
-Դե դուք իրազեկված եք…այո իրականում նման բան եղել է: Բայց առհասարակ, ամեն մարդ իր ձեւով է ընկալում ցանկացած բան, որ լսում է: Հիշում ե՞ք Դոն Կոռլեոնեին. նրան հարգում էին ոչ թե որպես մաֆիոզի, այլ որպես հարգանք ու հեղինակություն ունեցող մարդու:
Ի վերջո, ի՞նչ է նշանակում Դոն: Դոն՝ նշանակում է պարոն, իսկ այդպես դիմում են այն մարդկանց, ում հարգում են:
Իհարկե ես չեմ թաքցնում, որ ե'ւ Իտալիայում, ե'ւ շատ այլ քաղաքներում ես մեծ կապեր ունեմ՝ պաշտոնական եւ իհարկե բիզնես շրջանակներում, ( ու անշուշտ իմ խոսքն ունեմ), բայց եւ պետք է նշեմ, որ ցանկացած շփում, հարաբերություն, փոխադարձ հարգանքի դաշտում է ձեւավորվում:
Մենք ընկերություն ենք անում: Որեւէ վատ բան չկա, եթե քեզ հարգում են ինչպես Դոնին, եթե կարողանում ես քեզ այնպես դրսեւորել, որ բոլորը քեզ հարգեն, դա վատ բան չի:
Այն էլ Իտալիայում, Հռոմում, ուր եթե քեզ սխալ պահես՝ չես կարող ոտքերիդ վրա ամուր կանգնել:
Եթե դու կարողացել ես հասնել այդ հարգանքին, որ քո մասին Իտալիայում այդպես խոսեն՝ ընդունեն, Դոնի պես սիրեն-հարգեն, դրանում որեւէ վատ բան պետք չի տեսնել: Դա դիմելաձեւ է, ոնց որ մեր պարոնը, ընդամենը դիմելու, հարգանքի նշան է: Իտալացիք պարզապես մարդկանց հարգել-սիրել ու գնահատել գիտեն: Իտալայիում առաջնահերթը՝ սեփական ժողովրդի, երկրի ու պետության շահն է, հետո նոր անձնականը: Իսկ Հայաստանում, ցավոք սրտի առաջին պլանում անձնական շահն է, հետո նոր մնացածը: Տենց ճիշտ չի. մարդ պիտի կարողանա ճիշտ ապրել, որ հետո իր արածների համար ոչ մի տեղ չամաչի: Մարդու արժեքը գիտե՞ք որն է՝ ճիշտ ապրելը:
-Այսինքն Հայաստանում լուրջ անելիքներ ունենք՝ հատկապես բարոյահոգեբանական մթնոլորտը առողջացնելու ուղղությամբ:
-Ես շատ եմ ցավում ու կարելի է ասել շատ ծանր եմ տանում, երբ Հայաստանում տեսնում եմ շատերը այսպես ասած խեղճացած ու կծկված են…Դա ինձ խիստ մտահոգում է: Ցավում եմ, որ ատելությունը, իրար հետեւից բամբասելը, փնովելը, առօրյա կյանք են մտել: Ավելին, շատ ավելի վատ եմ զգում, երբ տեսնում եմ ռեալ գործեր, լավ ձեռնարկներ կյանքի կոչելու փոխարեն՝ մարդիկ նստած հաշվում են ուրիշի փողը, նրա ունեցվածքը: Նստած քննարկում են՝ թե ով քանի հատ մեքենա ունի, եւ ինչ մակնիշի: Ով ինչ վիլաներ ունի եւ այլն, եւ այլն: Իմ կարծիքով, դա անլուրջ ու անիմաստ զբաղմունք է: Ամեն մեկը կարող է սկսել իր տնից. իր բակից ու իր օջախից: Իրար փնովելու, ու ուրիշի վրա քարեր նետելու փոխարեն, ավելի լավ է մարդիկ իրենց օջախում թեկուզ մի քար ավել դնեն:
Շատ կուզենայի, որ չարությունը մարդկանց միջից դուրս գար. որ նախանձը, իրար վատը կամենալը, մնային անցյալում:
Մենք արժանապատվություն ունեցող ժողովուրդ ենք, ո՞ւր է կորել հայի արժանապատվությունը, ինչո՞ւ պետք է հայ տղամարդը այս կամ այն պատճառով իրեն լիարժեք չզգա, ինչո՞ւ պիտի հայ տղամարդը (շատ ներողություն) խեղճանա իր ընտանիքի առաջ: Անկախ ամեն ինչից, ամեն մեկս մեր տեղում ամեն ինչ պետք է անենք, որ մեր հասարակությունը՝ հայ տղամարդը, կինը, մեր երեխաները, կարողանան ապրել նախ եւ առաջ առողջ բարոյահոգեբանական մթնոլորտում:
Երիտասարդությունը պետք է ապագա տեսնի, ու ամբողջ օրը չպետք է ապրի տարբեր ֆիլմերի ազդեցության ներքո. ապրի ու ներշնչվի միայն կրիմինալով...
-Պարոն Ասատրյան, իսկ ավելի կոնկրետ. գործնականում ի՞նչ քայլեր է պետք անել հասարակության մեջ առկա արատավոր երեւույթները վերացնելու եւ նույն հասարակության ողնաշարը ուղղելու համար:
-Առաջին հերթին պետք է վստահություն առաջացնել: Հավատ, վստահություն ներշնչող քայլեր անել: Պետք է իսկապես գործ անել մեր երկրի, մեր վաղվա սերնդի ու մեր երեխաների համար: Սառույցը աստիճանաբար պետք է հալվի: Ամենակարեւորը՝ բոլորս միասին կարողանանք ճիշտ ուղու վրա կանգնեցնել մեր երիտասարդ սերնդին:
Որին հարցնում ես՝ ի՞նչ ես ուզում դառնալ, ասում ա՝ «ախրաննիկ»: Հայը ի՞նչ իրավունք ունի «ախրաննիկ» դառնա, հո մենք «ախրաննիկների» երկիր չե՞նք: Պետք է առողջ մտածելակերպ առաջանա: Երիտասարդությունը պետք է ապագա տեսնի, ու ամբողջ օրը չպետք է ապրի տարբեր ֆիլմերի ազդեցության ներքո. ապրի ու ներշնչվի միայն կրիմինալով:
Ես չեմ հասկանում, թե ինչու է էս աստիճան կրիմինալը գովազդվում: Չի կարելի մարդու բարոյական արժեհամակարգի վրա այդպիսի սխալ խաղադրույքներ կատարել: Եթե հասարակության մեջ կա հիվանդ երեւույթ, ապա շատ կներեք, հիվանդին պետք է բուժել: Որովհետեւ հիվանդ մարդուն՝ բացի բժշկից, ոչ ոք չի կարող օգնել: Հիվանդին բժշկել է պետք, թե չէ վաղը ուշ կլինի:
Էն ժամանակ՝ բոլորն իրար հարգում էին. որովհետեւ գիտեին, որ եթե իրենք օրը ցերեկով կամ ընդհանրապես քաղաքում բեսպրեդել անեին, քաղաքի մեծ, հեղինակավոր մարդիկ իրենց կկանչեին ու կասեին, որ իրենք վատ արարք են իրենց թույլ տվել, ու ամոթանք կտային: Ի՞նչ իրավունք ունեին ինչ-որ մեկի վրա ձեռք բարձրացնել: Աստված է մարդուն կյանք տվել, ու ոչ ոք՝ Աստծուց բացի, իրավունք չունի այն խլել:
Հարցը ճշտության մեջ ա: Այնպիսի մթնոլորտում պետք է ապրենք, որ հայ տղամարդը՝ միշտ համարձակ ու ազդեցիկ մնա: Որ արժանապատվությունը միշտ լինի առաջին տեղում, ինչպես որ եղել է բոլոր ժամանակներում: Եթե սենց գնա, հետագայում մենք իսկական տղամարդու պակաս կունենանք: Ինձ համար տղամարդ տղան նա է՝ ով սահմանին կռվում է թշնամու դեմ, հեղինակություն ու ազդեցիկություն ունեցողը նա է՝ ով մի լավ քայլ, մի լավ բան է անում մեր երկրի անվտանգության, մեր երկրի զարգացման ու առաջխաղացման համար: Այլ ոչ թե ամբողջ օրը նստած մտածում ա, ով ում հետ կռվի, ով ում հետ ոնց բախվի, որ իր գործերը լավ գնան: Պետք է կարողանաս ճիշտ ապրել.հարգանք ստեղծել, անուն ու խոսք ունենալ, որպեսզի քո խոսքն էլ հարգեն ու ընդունեն:Հայ տղամարդը պետք է օրինակելի լինի: Իտալացիք իրենցը հարգանքը պահել գիտեն. հարգում են ծնողին, մեծին, իրենց ընտանիքը:
-Ո ՞ւմ եք ապավինում ամենադժվարին պահերին:
-Իհարկե առաջինը Աստծուն: Բայց եւ չեմ մառանում, որ Աստված ասել է. հույսդ ինձ վրա դի'ր, բայց դու էլ պարապ մի նստի՛ր. քայլ արա, գործիր: Ես այդ կարգախոսով եմ ապրում ու առաջ շարժվում:
Չարիք է, երբ բիզնեսմնեը խառնվում է քաղաքականությանը
-Երբեւէ խառնվել ե ՞ք քաղաքական գործընթացներին, կամ հնարավո՞ր է արդյոք մի օր էլ Ձեզ տեսնենք ակտիվ քաղաքականության մեջ: Ի դեպ, օրերս մամուլում տեղեկատվություն կար նաեւ այն մասին, որ իրավապահները կասկածներ են ունեցել, որ դուք Էջմիածնի թեկնածուների կոնֆլիկտի՝ ծեծ, կրակոցների հետ կապված հնարավոր է որոշակի առնչություններ ունենայիք: Ի՞նչ կասեք դրա վերաբերյալ:
-Այդ ամենը բացարձակ սուտ է.որեւէ մեկը չի կարող որեւէ փաստարկ բերել այդ տեղեկատվության հետ կապված: Մարդիկ ինչ ցանկություն որ ունեն, փորձում են իրենց ուզած սուտը շրջանառության մեջ դնել: Ես որեւէ կապ չունեմ ընտրությունների, եւ քաղաքում ծավալված գործողությունների հետ:
Ես երբեք քաղաքականության մեջ չեմ խառնվել ու մտադրություններ էլ չունեմ երբեւէ խառնվելու: Ես կարող եմ իմ երկրին, իմ հարազատ Էջմիածնին օգնել՝ ինչով կարող եմ: Կարող եմ լավ բան անել սպորտի,արվեստի մշակույթի, մեր երկրի սահմանների պաշտպանության համար, բայց ինչ վերաբերում է քաղաքականությանը, ապա դա իմը չէ: Ես զբաղվում եմ իմ գործերով, եւ աշխատում եմ այնպես ապրել, որ որեւէ մեկը չամաչի իմ քայլերի համար:
Բիզնեսմենը՝ պետք է զբաղվի իր բիզնեսով, բժիշկը՝ իր գործով, մանկավարժը՝սերունդ կրթելով, շինարարն էլ ՝կառուցելով: Ես կարծում եմ, որ բիզնեսով զբաղվողները չպետք է պատգամավոր դառնան. խորհրդարանում պետք է աշխատեն քաղաքագետներն ու իսկական քաղաքական գործիչները: Չարիք է՝ երբ բիզնեսմենը սկսում է խառնվել քաղաքականությանը:
-Այդուհանդերձ, եթե դեմ չեք, խոսենք նաեւ ներկա քաղաքական իրողությունների շուրջ: Հայաստանում լուրջ կադրային տեղաշարժեր արձանագրվեցին, որի արդյունքում ՀՀ վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը, փոխոխվեց նաեւ կառավարության կազմը: Որպես հայ մարդ, ի՞նչ սպասելիքներ ունեք նորանշանակ վարչապետից, եւ արդյո՞ք ակնկալում եք, որ այս փոփոխությունները կարող են արմատական բարեփոխումների սկիզբ հանդիսանալ:
Կարեն Կարապետյանը 10 քայլ առաջ է մատծում ու տեսնում
-Նախ ասեմ, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շատ բանիմաց, գրագետ, հավասարակշռված, զուսպ ու բանիմաց գործիչ է: Նա 10 քայլ առաջ է մտածում ու տեսնում: Ես վստահ եմ, եւ մեծ հույսեր ունեմ, որ մեր երկրում այդուահանդերձ կլինեն փոփոխություններ ու տեղաշարժեր: Ասեմ ավելին. իմ ընկերական շրջապատից շատ-շատերը, այդ թվում նաեւ ես, մտադրություններ ունենք լուրջ ներդրումային ծրագրեր իրականացնել մեր հայրենիքում, որպեսզի կարողանանք մենք էլ մեր հերթին, մեր լուման ունենալ մեր երկրի առաջխաղացման ու զարգացման համար: Ամեն գործի՝պետք է սիրով մոտենալ:
Աստված սեր է. պետք է հավատանք Աստծուն, սիրենք ու հարգենք իրար: Մենակ վատ բաներ մի գրեք.մեկ-մեկ էլ դրական բաների մասին խոսեք, որ մարդկանց մեջ հավատը վերականգնի:
Զրուցեց՝ Գայանե Զարգարյանը