Շարունակվում է Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով կասկածյալներ «Գաստիկի», «Ծգլի» ու «Տլեի» դատավարությունը
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Երրորդմասցի Լյովիկի՝ Լևոն Ղազարյանի և նրա ընկերների՝ Դրաստամատ Թադևոսյանի, Մեսրոպ Նազարյանցի սպանության գործով հերթական դատական նիստը։ Ինչպես նիստից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եթե նախկին դատական նիստերն անցկացվում էին մեծ դահլիճում, ապա այսօր դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ այն անցկացվում է ավելի փոքր դահլիճում։
Դատական նիստն անցկացվում է առանց միջադեպերի։ Այս պահին մեղադրող կողմը ներկայացնում է տեղեկություններ՝ հարուցված քրեական գործից, որոնք, ըստ նրա, առնչություն ունեն կասկածյալների հետ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, այս տարվա մարտի 30-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գնդի աշխատակիցները՝ հրամանատար Արմեն Ղազարյանի գլխավորությամբ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին տեղափոխել Վահան Հակոբյանին՝ «Գաստիկին», Սարգիս Հախանումյանին՝ «Տլեին» և Սարգիս Գրիգորյանին՝ «Ծգլին»: Ինչպես դատարանից հայտնել էր ֆոտոլրագրողը, նշված դատարանի դատավոր Արտյուշա Գաբրիելյանի նախագահությամբ սկսվելու էր անդրանիկ նիստը:
Վերջիններս մեղադրվում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ 2015 թվականի մարտի 4-ին հանցագործ աշխարհում հայտնի Երրորդմասցի Լյովիկին՝ Լևոն Ղազարյանին և նրա ընկերներին՝ Դրաստամատ Թադևոսյանին, Մեսրոպ Նազարյանցին սպանելու մեջ: Նրանց դեմ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1,6,7 կետերով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ դատարանը տեղի դատական կարգադրիչների ուժերով վերցված էր ուժեղացված հսկողության տակ: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ մի քանի դատարաններից լրացուցիչ դատական կարգադրիչներ էին ժամանել:
