Երևանում «Շանթ» ռեստորանային համալիրի տնօրենը Hyundai-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Հոկտեմբերի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Hyundai մակնիշի 160 OR 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Հասրաթյան փողոցում՝ «Շանթ» գործարանի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրերթի ենթարկվածը, ով փողոցը անցնելիս է եղել չնախատեսված վայրով, տեղափոխվել է «Արմենիա բժշկական կենտրոն»։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժին, որտեղից դեպքի վայր պետք է ժամանի հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու։ Չի բացառվում, որ նախապատրաստված նյութերը փոխանցեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածները Գ․ Շամշյանին ասում էին, վարորդի անունը Սարգիս է, ով աշխատում է «Շանթ» ռեստորանային համալիրում՝ որպես տնօրեն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
