Հրամանատարը մեղադրվում է ապրիլին հենակետի կացարանների տաքացման և կերակուր պատրաստելու համար հատկացված դիզվառելիքը յուրացնելու փորձի մեջ
168.am-ը գրում է.
Մարտական հենակետի կացարանների տաքացման և կերակուր պատրաստելու նպատակով հատկացված դիզվառելիքը հափշտակելու փորձի դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Ամբաստանյալի աթոռին են հայտնվել զորամասի գումարտակներից մեկի հրամանատարն ու նրա տեղակալը։
ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին գումարտակի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. ապրիլին մարտական հերթապահության ընդգրկված լինելով մարտական հենակետում, մարտական հենակետի կացարանների տաքացման և կերակուր պատրաստելու նպատակով հատկացված դիզվառելիքը հափշտակելու դիտավորությամբ, անօրինական կարգով հրամայել է հենակետի կացարաններում փայտ և գազ վառել՝ ապահովելով համապատասխան միջոցներով, արդյունքում՝ հերթափոխի ընթացքում տնտեսել է զգալի չափերով 95242,5 դրամ արժողությամբ 270 լիտր դիզվառելիք, որը փորձել է յուրացնել, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներում ավարտին չի հասցրել։
Զորամասի 1-ին գումարտակի հրամանատարի տեղակալին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գումարտակի հրամանատարից տեղեկանալով նրա կողմից ապօրինի տնտեսված, հափշտակելու նպատակով զորամաս տեղափոխված 270 լիտր դիզվառելիքը, ՌՈ աշխատակիցների կողմից հայտնաբերվել է, հայտնաբերման հանգամանքը որպես խոչընդոտ վերացնելու և հանցագործությունն ավարտին հասցնելու նպատակով՝ գումարտակին ամրակցված ավտոմեքենայի բենզինի բաքը հանել է մեքենայի վրայից, տեղափոխել արհեստանոց և վերջինիս հանձնարարել բենզինի բաքի ստորին հատվածը ծակել ու եռակցել, այդպիսով իրավապահ մարմինների ուշադրությունը շեղելով՝ փորձել է նրանց մոտ պատրանք ստեղծել, թե իբր հայտնաբերված դիզվառելիքը գումարտակին ամրակցված ավտոմեքենայի բաքինն է։ Երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։