Արտակարգ դեպք Գյումրիում. Շիրակի մարզի փրկարարներն ու Կումայրիի ոստիկանները բժիշկների հետ փրկել են 50-ամյա տղամարդու, ով քրոջ տանը փորձել էր ինքնասպան լինել
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:05-ի սահմաններում ոստիկանության Կումայրիի բաժնից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչություն և հայտնել, որ Գյումրի քաղաքի Խանջյան փողոցի 231 -166 տնակի բնակիչը, ըստ Կումայրիի բաժին ահազանգած քաղաքացիների հայտարարության՝ տևական ժամանակ է՝ չի պատասխանում դռան և հեռախոսազանգերին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են ժամանել Շիրակի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները՝ մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ:
Փրկարարները նախ բացել են դարպասները, այնուհետև հատուկ տեխնիկայի գործադրմամբ բացել են տնակի դուռը: Խոհանոցում՝ հատակին ընկած, հայտնաբերել են տանտիրոջը՝ 50-ամյա Հրաչ Շախբազյանին: Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Գյումրու բժշկական կենտրոնի բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել Հ. Շախբազյանին, այնուհետև՝ փրկարարների օգնությամբ տեղափոխել հիվանդանոց: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ. Շախբազյանը ինքնասպանություն գործելու նպատակով կտրել է ձախ թևի արմունկի հատվածի երակը, իսկ տնակը, որտեղ նրան հայտնաբերել են, պատկանում է իր քրոջը: Հ. Շախբազյանը ամուրի է: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
