Ողբերգական դեպք Լոռու մարզում. հիվանդանոց է տեղափոխվել 2 օր առաջ Ռուսաստանի Դաշնությունից գյուղ ժամանած 36-ամյա տղամարդու դի
Նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Վանաձորի շտապօգնության կայանից ոստիկանության Վանաձորի բաժին հայտնել են, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վանաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանւթյան Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի Փամբակ գյուղի բնակիչ, 36-ամյա Կարեն Տոնոյանն էր, ով հիվանդանոց է տեղափոխվել Փամբակ գյուղի վարչական տարածքի Եղեգնուտի անտառտնտեսության Փամբակի անտառապետության տարածքից։
Նշված տարածք են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Տոնոյանը, ով 2 օր առաջ էր Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել ծննդավայր՝ Փամբակ գյուղ, իր հորեղբոր 15-ամյա տղայի հետ գնացել է նշված անատառապետությունը՝ ծառ կտրելու նպատակով, որի ժամանակ կտրված ծառն ընկել է Կ. Տոնոյանի վրա, ով վնասվածքներ է ստացել ու, ցավոք, հիվանդանց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության քննիչ Արթուր Ղազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: