Ողբերգական դեպք Վանաձորում. շինհրապարակի հորանի միջից փրկարարները դուրս են բերել 38-ամյա տղամարդու դի
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Գարեգին Նժդեհ թիվ 42/2 հասցեում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել թիվ 38 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր նշված հասցեում գտնվող շինհրապարակում հորանի միջից դուրս են բերել 38-ամյա Արմեն Սարգսյանի դին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար ընկել է 1-ին հարկի բետոնե հորանի մեջ, որի խորությունը կլինի մոտ 1,5 մետր:
Տեղում է նաև եղել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանաապետ Արամ Ղազարյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ոստիկանությունում ու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
http://shamshyan.com/hy/article/2016/12/07/103431/