Ավարտվել է Սյունիքի մարզի անչափահաս բնակչուհուն առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը
Aysor.am-ը գրում է.
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ավարտվել է Սյունիքի մարզի անչափահաս բնակչուհուն առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 3 անձի։
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն, Սյունիքի մարզի անչափահաս բնակիչը նույն մարզի անչափահաս բնակչուհու առևանգումը կազմակերպելու շուրջ նախնական համաձայնություն է ձեռք բերել ընկերոջ հետ: Պայմանավորվածության համաձայն՝ 2016 թվականի նոյեմբերի 11-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Ակսել Բակունցի փողոցում, բռնության գործադրմամբ, անչափահաս աղջկան, նրա կամքին հակառակ, նստեցրել են ավտոմեքենան, ապա տեղափոխել ու պահել «Սդըղի գյոլ» կոչվող տեղանքում գտնվող տնակում։
Քննությամբ պարզվել է աղջկա առևանգմանը մասնակցություն ունեցած բոլոր անձանց ինքնությունը, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Սյունիքի մարզի անչափահաս բնակչին և ընկերոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1ին և 4-րդ կետերով (Նախնական համաձայնությամբ, բռնության միջոցով անչափահասին բացահայտ առևանգելը), վերջիններիս համագյուղացուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: