Մեր հասարակությունը սպասում է, որ այդ միլիարդավոր դոլարներ լափած պաշտոնյաները ոչ թե պարզապես հեռացվեն պաշտոնից, այլ հետ տան իրենց լափածը պետական բյուջե
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատել է լուրերն այն մասին, որ դուրս է գալիս ՀՀկ-ից: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, Fnews.am-ի հետ զրույցում նկատում է՝ Կարեն Կարապետյանը, ով բավական մեծ քարտ բլանշով եկավ և ստանձնեց ՀՀ վարչապետի պաշտոնը, փորձում է ընտրություններից առաջ ՀՀԿ-ն մաքրել օդիոզ և շատ չսիրված ֆիգուրներից:
Քաղաքագետը նաեւ նշում է, որ վարչապետը սկսեց բազմաթիվ հանցագործությունների ու աղմկահարույց դեպքերի մեջ հայտնված չնովնիկներից, և հիմա արդեն գործը հասել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
«Ես հիմա այն եզրակացությանն եմ գալիս, որ ընտրություններից առաջ կարծես ՀՀԿ-ն և ՀՀԿ-ի վերնախավը փորձում է հասարակությանը համոզել, որ իրենք իրոք ինքնամաքրվում են, և իշխանության համար պայքարում՝ նոր թիմով են ներկայանում հասարակությանը»,-ասում է քաղաքագետն ու նկատում, որ այստեղ կա տարակուսելի մեկ այլ խնդիր: «Եթե Ռուսաստանի դաշնության նման երկրում նույնիսկ պուտինյան վարչակարգը մեկ-մեկ փորձ է կատարում ձերբակալությունների միջոցով՝ անգամ նախարարների ձերբակալության, հասարակությանն ապացուցել, որ իրենք պայքարում են անօրինականությունների, կաշառակերության, պետական բյուջեյի փոշիացման դեմ, մեզ մոտ ընդամենը հեռացնում են պաշտոնից և իշխող կուսակցությունից: Նրանց ոչինչ չի սպառնում:
Մեր հասարակությունը սպասում է, որ այդ միլիարդավոր դոլարներ լափած պաշտոնյաները ոչ թե պարզապես հեռացվեն պաշտոնից, այլ հետ տան իրենց լափածը պետական բյուջե»,-նկատում է քաղաքագետը: Նա դժվարանում է ասել, թե ՀՀԿ-ի կազմակերպած այս «փիառը» ինչ արդյունք կտա, բայց այն որ դա իսկապես «փիառ է, և թատերական ներկայացում», Գագիկ Համբարյանը չի կասկածում:
Ա. Սահակյան