«Հաց բերող» Ա. Սարգսյանի հետ տեսակցության իրավունքը սահմանափակված է նախաքննության մարմնի որոշմամբ. ՔԿՎ պարզաբանումը
ՀՀ ԱԺ պատգամավորներ Ն. Փաշինյանն ու Է. Մարուքյանը հայտարարել են, թե իրենց թույլ չեն տվել տեսակցել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ա. Սարգսյանին նրա խցային պայմանները դիտարկելու նպատակով` վարույթն իրականացնող մարմնի կողմից վերջինիս տեսակցությունների վրա արգելանք դրվելու պատՃառաբանությամբ, երբ իրենք` որպես ՀՀ ԱԺ պատգամավորներ, պետք է այդ խնդիրը չունենան:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից։
Քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի վարչակազմի կողմից որևէ խոչընդոտ չի ստեղծվել ԱԺ պատգամավորների կողմից կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտք գործելու իրավունքի իրացման կապակցությամբ, ինչը և կատարվել է վերջիններիս կողմից:
Սակայն, քանի որ քրեակատարողական հիմնարկ մուտք գործելուց հետո Ն.Փաշինյանը և Է. Մարուքյանը ցանկություն են հայտնել տեսակցել կալանավորված Ա. Սարգսյանի հետ, որի տեսակցության իրավունքը սահմանափակված է նախաքննության մարմնի որոշմամբ, ուստի վերջիններիս պահանջը օրենսդրության պահանջներին համապատասխան իրավաչափորեն մերժվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից: