«Կշարունակեն ժողովրդի քրտինքը քամելով հարստություն դիզել, և դրանով կավարտեն իրենց անփառունակ կենսագրությունը». Զոյա Թադեւոսյան
Ժողովրդին կմոլորեցնեն, իսկ երբ գա կոալիցիա ստեղծելու պահը՝ կլինեն «իրենքականներով»
Հայաստանում տեղի ունեցող նախընտրական գործընթացները՝ հատկապես կապված դաշինքների ձևավորման հետ՝ քաղաքականության հետ թերևս ոչ մի առնչություն չունեն: Քաղաքականությունը ենթադրում է ոչ թե աթոռակռիվ ու պայքար տեղերի համար, այլ պայքար՝ գաղափարախոսությունների և ռազմավարական ծրագրերի համար: Իսկ այսօր դաշինքներում քննարկվող առաջնային ու երևի թե հիմնական հարցը այն է, թե ով որ տեղն է զբաղեցնելու ցուցակում:
Հետին պլան մղվողներն էլ փորձում են իրենց բախտի հետրից գնալ ու այլ ճամբարներում ձեռք գցել յողոտ պատառներ:
Fnews.am-ի հետ զրույցում ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանը նույնիսկ ծիծաղելի համարեց մեկնաբանել այն ամենը, ինչ կատարվում է այսօր դաշինքներում: Նրա դիտարկմամբ, եթե մարդիկ գաղափարի շուրջ չեն միավորվում, այլ փնտրում են ինչ-որ տեղ, ու մտնում են դաշինք, որ իրենց համար մանդատ պոկեն, ապա դա ծիծաղ է առաջացնում՝ ուրիշ ոչինիչ:
Խոսելով Օսկանյան-Օհանյան-Հովհաննիսյան դաշինքի մասին՝ Զոյա Թադևոսյանը կարծում է, որ այն «ղարաբաղյան կլանին» սպասարկող ուժ է (նկատի ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին): Այս դաշինքում նա տարօրինակ է համարում «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հայտնվելը: «Դե դա արդեն Րաֆֆի գործն է… ես չէի ասի, որ Րաֆֆին իր սկզբունքայնությամբ աչքի է ընկել, նա կարող է առավոտյան մի տեսակետ ունենալ, կեսօրին՝ այլ, իսկ երեկոյան ոչ մի տեսակետ չունենալ: Սա արդեն զարմանալի չէ, և հետևաբար Րաֆֆի Հովհաննիսյանի գործոնն այստեղ ընդհանրապես դեր չի խաղալու»,-ասում է Զոյա Թադևոսյանը՝ հավելելով, որ այս դաշինքը ավելի քան տարօրինակ դաշինք է:
Այնտեղ կա՞ դաշինք, թե՞ անհատների ընտրություն է տեղի ունենում, մեկին ներս են թողնում, մյուսին՝ ոչ…
Ինչ վերաբերվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորված դաշինքին, ապա Թադեւոսյանը այն անհասկանալի է համարում: «Չգիտեմ ինչ է այնտեղ կատարվում. Այնտեղ կա՞ դաշինք, թե՞ անհատների ընտրություն է տեղի ունենում, մեկին ներս են թողնում, մյուսին՝ ոչ… ամեն դեպքում շատ չի մնացել և երկու օրից արդեն կիմանանք…»,-ասաց Զոյա Թադևոսյանը: Նա նկատում է, եթե այսօր իրավիճակն այսպիսին է, ապա վաղը խորհրդարանում սպասվում է շիլաշփոթ: Ըստ նրա՝ քաղաքական ուժերի տարօրինակ միավորումները նաև ժողովրդին են շփոթեցնում: Զոյա Թադևոսյանի դիտարկմամբ՝ ժողովուրդն ուզում է միավորված և կայուն ուժ տեսնել, բայց ամեն ինչ արվում է, որ ժողովրդին մոլորեցնեն: «Ես էլի ասել եմ, որ սա ղարաբաղյան կլանի պրոյեկտն է… ժողովերդին կմոլորեցնեն, իսկ վերջում, երբ գա կոալիցիա ստեղծելու պահը՝ կլինեն «իրենքականներով» ու կլուծեն այն հարցերը, որոնք մինչ այս լուծել են, այսինքն՝ ոչ մի հարց չեն լուծի: Կշարունակեն ժողովրդի քրտինքը քամելով հարստություն դիզել և դրանով կավարտեն իրենց անփառունակ կենսագրությունը»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Ա. Սահակյան