Զավեշտալի դեպք Երևանում. նախկին ամուսինը կնոջն ու 4 անչափահաս երեխաներին «բանտարկել» է տան մեջ՝ մուտքի դուռը հատուկ սոսնձով ամրացնելով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 18-ին, զավեշտալի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել են, որ Հարավ-Արևմտյան Բ2 թաղամասի 31 շենքի 15 բնակարանում արգելափակվել է մայրը՝ իր 4 անչափահաս երեխաների հետ և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ օղակի հրամանատար Արտյոմ Բաբիկյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննիչ Դավիթ Մանուկյանի գլխավորությամբ։ Փրկարարները դանակի միջոցով բացել են դուռը և պարզվել է, որ այն հատուկ սոսնձով ամրացված է։ Հարևանների ասելով՝ դուռը ընտանիքի անդամների վրա սոսնձել է այնտեղ գտնվող կնոջ նախկին ամուսինը, իսկ պատերի վրա էլ ինչ-որ արտահայտություններ է գրել, որից հետո հեռացել է նշված վայրից։ Մալաթիայի ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ՝ ամուսնուն հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

