Հայաստանում սննդամթերքը թանկացել է
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.
Այս տարվա փետրվարին անցած տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում գրանցվել է 0.2 տոկոս գնանկում: Այս մասին տվյալներ է երեկ հրապարակել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Գնանկումը տեղի է ունեցել հիմնականում ոչ պարենային ապրանքների էժանացման հաշվին: Իսկ սննդամթերքը նշված ժամանակահատվածում թանկացել է 3.7 տոկոս: Սա հիմնականում տեղի է ունեցել բանջարեղենի եւ մրգի կտրուկ թանկացման հաշվին:
Բանջարեղենը եւ միրգը անցած տարվա փետրվարի համեմատ թանկացել են 20-21 տոկոսով: Այսպես. ծաղկակաղամբը թանկացել է երկուսուկես անգամ, կանաչ սոխը` 64 տոկոսով, սխտորը` 56 տոկոսով, կանաչեղենը` 53 տոկոսով, վարունգը՝ 55 տոկոսով, կաղամբը` 15 տոկոսով եւ այն: Մրգերից թանկացման ռեկորդը խնձորինն է` 58 տոկոս: Ընկույզի միջուկը թանկացել է 37 տոկոսով, նուշի միջուկը` 30 տոկոսով, տանձը` 29 տոկոսով, խաղողը՝ 23 տոկոսով...: Գազարը, գլուխ սոխը, կարտոֆիլը, բանանը, կիտրոնը, ծիրանի չիրը եւ չամիչը էժանացել են: