«Երրորդմասցի Լյովիկի» սպանության գործ. արդեն 3–րդ անգամ իրեղեն ապացույց ճանաչված մեքենաները դատարան չեն բերվում
Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` մարտի 14-ին, հերթական անգամ հետաձգվեց «Երրորդմասցի Լյովիկի» եւ ընկերների սպանության գործով դատական նիստը: Այսօր պետք է տեղի ունենար արտագնա նիստ եւ պետք է զննվեին քրեական գործով որպես իրեղեն ապացույց ճանաչված մեքենաները: Արդեն 3–րդ դատական նիստն է, որ մեքենաները դատարան չեն բերվել։
Ըստ մեղադրական եզրակացության` Վահան Հակոբյանը («Գաստիկ»), Սարգիս Հախանումյանն («Տլե») ու Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք են բերել եւ պահել զենք:
2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը եւ Սարգիս Գրիգորյանը («Ծգլ») նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել Լեւոն Ղազարյանի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադեւոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:
Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 6, 7 կետերով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: