«Հաց բերող»-ը դիմել էր հիվանդանոց պորտային օղակված ճողվածքի բարդությամբ. բժիշկը մանրամասներ է հայտնում
«Հաց բերող» Արթուր Սարգսյանը մարտի 15-ին դիմել է «Արմենիա» բժշկական կենտրոն պորտային օղակված ճողվածքի բարդությամբ, ենթարկվել է վիրահատության, իսկ մահը գրանցվել է 50 րոպե առաջ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» ԲԿ-ի փոխտնօրեն Արսեն Գրիգորյանը:
«Արթուր Սարգսյանը մի քանի օր առաջ ինքնակամ լքել էր հիվանդանոցը, իսկ երեկ հիվանդանոց էր դիմել պորտային օղակված ճողվածքի բարդությամբ, բարդացած աղիքային անանցանելիությամբ, վիրահատության ենթարկվելու համար: Վիրահատության ենթարկվել է գիշերը, մոտ մեկ ժամ առաջ գրանցվել է մահը»,- ասաց Գրիգորյանը:
Հարցին, թե գուցե ֆինանսական խնդիրների պատճառով է լքել հիվանդանոցը, Արսեն Գրիգորյանը պատասխանեց. «Արթուր Սարգսյանը հիվանդանոցում բուժումը ստացել է բացառապես անվճար, մեր հիվանդանոցում դա բացառվում է»:
Բժիշկը նաև հայտնեց, որ մի քանի օր առաջ Արթուր Սարգսյանը տանը սուր ցավեր է ունեցել, սակայն անտեսել է կամ բարդության աստիճանը չի գիտակցել. «Այդ աղիքային անանցանելիությունը բերում է անդառնալի խնդիրների»: