Վերաքննիչ դատարանը վերացրել է մայթի վրա հետիոտնին վրաերթի ենթարկելու և նրան անզգուշությամբ մահ պատճառելու համար պայմանական ազատազրկումը (Տեսանյութ)
երաքննիչ քրեական դատարանը՝ նախագահող դատավոր Ալեքսանդր Ազարյանի, մասնակի բեկանել և փոփոխել է 2016թ. հունվարի 19-ին Արցախի պողոտայում մայթի վրա 22-ամյա Արամ Ներսիսյանին վրաերթի ենթարկելու և անզգուշությամբ մահ պատճառելու գործով առաջին ատյանի դատարանի դատավճիռը:
Այսպես, 25-ամյա Աշոտ Հովհաննիսյանը ով առաջին ատյանի դատարանի դատավճռով մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ազատ էր արձակվել պատժի կրումից և նրա նկատմամբ սահմանվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով՝ վերաքննիչ դատարանի որոշմամբ 70-րդ հոդվածի կիրառումը վերացվել է:
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ մեղադրող դատախազը վերաքննիչ բողոք էր բերել պահանջով մասնակիորեն` պատժի մասով բեկանել Երևան Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` Աշոտ Հովհաննիսյանի վերաբերյալ 08. 08. 2015թ. դատավճիռը և նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառումը վերացնել:
Մինչև դատաքննությունը սկսելն ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել և միջնորդել կիրառել դատական քննության արագացված կարգ։
Ըստ մեղադրանքի՝ Աշոտ Հովհաննիսյանը 19.01.2016թ. ժամը 16:00 սահմաններում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան վարել է Տիգրան Մեծ պողոտայի կողմից դեպի Էրեբունի փողոց տանող ուղեմասի ձախ եզրային գոտով և հասնելով Արցախի պողոտայի թիվ 14 հասցեի դիմաց` թույլ է տվել ՃԵԿ-ի 65,66 և 67 կետերի ու «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ, որի հետևանքով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, իր գործողություններով ստեղծել է վթարային իրադրություն, դուրս է եկել երթևեկելի գոտուց, վրաերթի ենթարկել մայթի վրայով քայլող հետիոտն Ա.Ներսիսյանին և անզգուշությամբ պատճառել մահ` ինքն իրեն զրկելով վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորությունից:
Դեպքից անմիջապես հետո վրաերթի ենթարկված 22-ամյա Արամ Ներսիսյանը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել էր ծայրահեղ ծանր:
Շուրջ 16 օր անց գտնվելով անգիտակից վիճակում այդպես էլ գիտակցության չգալով երիտասարդը մահացել է: